Պազիրիկ գորգի ծագումնաբանությունը

Պազիրիկ գորգի ծագումնաբանությունը

Պազիրիկ գորգի ծագումնաբանությունը

Մայիսի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Պազիրիկ գորգի ծագումնաբանությունը» խորագրով բանախոսություն, որը վարեց գորգագետ, պ․գ․թ․ դոցենտ Աշխունջ Պողոսյանը։

Գորգագործական մշակույթի վաղ շրջանի ուսումնասիրման, դրա ծագման տարածաշրջանների բացահայտման տեսակետից բացառիկ նշանակություն ունի «Պազիրիկ» գորգը, որը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայի «Պազիրիկ» դամբարանադաշտից։

Բանախոսության ընթացքում խոսվեց գորգի ծագման մասին, ներկայացվեցին տեխնիկա-տեխնոլոգիական բարձր հատկանիշները, գեղազարդման համակարգը, գունային բազմազանությունը և այլ հետաքրքիր մանրամասներ։

Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Աշխատաժողով Գորիսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում

Գորիսի «Իմպաքտ Հաբ Սյունիք» ակումբում «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատաժողով:
Ծրագրին մասնակցել են կրթական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գորիսի պետական համալսարանի, Գորիսի պետական քոլեջի ուսանողները, Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցների աշակերտները, Գորիսի քաղաքային պատկերասրահի, Ակսել Բակունցի տուն֊թանգարանի աշխատակիցները, Վերիշեն, Խնձորեսկ, Տաթև, Տեղ, Բրուն համայնքների, ինչպես նաև «Հայաստանի գրողների միություն. Սյունիքի մարզային մասնաճյուղ», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» Գորիսի մասնաճյուղ և «Գորիսի ստեղծագործողներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիմնադրույթների իրագործումը Հայաստանում» և «Համայնքի ներգրավումը մշակութային ժառանգության պաշտպանության գործընթացում» թեմաներով զեկուցումներ:

Աշխատաժողովի գործնական հատվածում ուսանողները ֆոկուս խմբերում քննարկել են «Բանահյուսական ժառանգության կենցաղավարումը ՀՀ Սյունիքի մարզում», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերում» և «Ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները ոչ խաղաղ պայմաններում» թեմաները:

Աշխատաժողովի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Սյունիքի մարզի համայնքների, խմբերի, հասարակական կազմակերպությունների և մշակութային ժառանգության կրողների ներուժը՝ ներկայացնելով ոչ միայն վերոնշյալ ծրագիրը, այլև իրազեկելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը կայուն համայնքների ձևավորման և զարգացման արդի գործընթացներում:

Նշենք, որ 2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից միջազգային աջակցություն անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (US$ 74,855.00)՝ «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում երկու տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:
Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խորհրդատվական աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գույքագրել, պահպանել և խթանել ՀՀ Սյունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես տարածաշրջանի տեղական առանձնահատկությունների ու ինքնության դրսևորում, քանի դեռ այն կենսունակ է և շրջանառվում է ժողովրդական հեքիաթների, առասպելների, լեգենդների, ավանդույթների, ասացվածքների, ծիսական երգերի և այլ ձևերով: Ներկայում անհրաժեշտություն է այս ամենի գրանցումը՝ կապված սերնդափոխության և ժառանգության փոխանցման ապահովման հետ:

Հայ ժողովրդական երաժշտություն․ Արթուր Շահնազարյան

Հայ ժողովրդական երաժշտություն․ Արթուր Շահնազարյան

Մայիսի 5-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական հանդիպումը, որը անց է կացվում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համատեղ:
Բանախոս՝ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան:
Թեման՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ։

Հային երգն ուղեկցել է ծնունդից մինչև մահ: Կյանքի բոլոր փուլերին համապատասխան երգերը ընդգրկում են բոլոր ժանրերն ու տեսակները, արտահայտում են ազգային կյանքի բոլոր դրսևորումները. աշխատանքային՝ երկրագործի երգեր (հացի արարման փուլերը՝ գութաներգ, կալի երգ, սայլերգ, քաղհանի երգ, ցորեն աղալու երգ և այլն), տնային աշխատանքի երգեր՝ սանդի, այծ կթելու, օրորոցի, երեխա խաղացնելու-թռցնելու երգեր, պատմական երգեր, էպիկական երգեր, վիպաքնարական երգեր, տոնական և ծիսական երգեր (հարսանեկան, Բարեկենդանի ու Զատկի, Համբարձման, Վարդավառի և այլն), պանդխտության երգեր, ողբերգեր, բնության երգեր, մանկական երգեր, երգիծական երգեր, կատակերգեր, սիրո երգեր, բազմաթիվ պարերգեր, ռազմական և քրմական պարեր ու պարեղանակներ:

Դասախոսությունն ուղեկցվեց երգերի կատարումներով:
Վայրը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դահլիճ:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՐ

«Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ»

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՐ

Ժողովրդական եւ եկեղեցական տոն

Տարածված է ՀՀ բոլոր 10 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում։
Զատիկը շարժական տոն է եւ նշվում է գարնանային օրահավասարին՝ մարտի 22-ին հաջորդող լուսնի լրման հաջորդ կիրակի օրը, այսինքն, մարտի 22-ից հետո 35 օրվա ընթացքում ընկնող կիրակին:

Ավանդական մշակույթում Զատիկն ընկալվել է որպես ձմռան «մեռյալությանը» հաջորդող բնության գարնանային «հարություն», կյանքի ամենամյա սկիզբ եւ կյանքի շարունակականության հաստատումը խորհրդանշող տոն: Քրիստոնեական տոնացույցը բնության հարության այդ տոնին է հարմարեցրել Քրիստոսի Հարության տոնը: Տոնահանդեսն իրենից ներկայացնում է ժողովրդական եւ քրիստոնեական պաշտոնական Հարության տոնի, ժողովրդական ե եկեղեցական ծեսերի եւ արարողությունների ամբողջություն:
Զատիկին նախորդող շաբաթվա բոլոր օրերը տոնական էին, իսկ շաբաթ օրը խորհրդանշվում էր նորոգվող կյանքի հայկական բանահյուսական «կարմիր-կանաչ» բանաձեւով՝ «Զատկի շաբաթ, կարմիր հավկիթ, արեւ, կանաչ են սար ու ձորեր»:

«Կարմիր հավկիթը»՝ կարմիր ներկված ձուն տոնի ժողովրդական եւ քրիստոնեական պաշտոնական խորհրդի՝ մահվանը հաջորդող հարության խորհրդանիշն է եւ լայնորեն ներառված է ժողովրդական ծեսերում: Զատկական տոնահանդեսն իր բնույթով համապատասխանում էր բնության, այդ թվում՝ մարդկային կյանքի հարության իմաստին: Հողն արթնացել էր իր կենսունակության բարձրակետում, եւ կոտոշները կարմիր ներկած եզները տղամարդիկ դաշտ էին տանում՝ «պտտելու ձյունի հետ ունեցած կենակցությունից ծոցվոր դարձած (հղիացած) հողի վրա»: 14-րդ դարի հայ աստվածաբան Սուրբ Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին եւ սպիտակուցը՝ ջրին: Դեղինն էլ երկիրն է», իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր «փրկությունը»: Այս շատ կարեւոր հաստատումը վկայում է, որ 14-րդ դարում հայերի մեջ երկիրն ընկալվել է ոչ թե որպես առանձին միավոր, այլ որպես «աշխարհի»՝ տիեզերական միասնության մաս, իսկ հայկական մշակույթը՝ որպես երկրային ընդհանուր մշակույթի մաս:

Զատկական բոլոր ծեսերն ու արարողությունները համայնքային էին, զոհաբերություններն ուղղված էին համայնքի ընդհանուր բարեկեցությանը, կատարվում էին համայնքի բոլոր անդամների հանգանակությամբ եւ մասնակցությամբ: Երգերի, մաղթանքների մեծագույն բաժինն, անշուշտ, անձրեւինն էր, ցորենինը, հացինը: Զատկական խնջույքները սովորաբար դաշտերում էին, մեծ խմբերով, եւ ուղեկցվում էին ձվախաղերով, սպորտային մրցախաղերով, խմբային երգ ու պարով: Համընդհանուր ուրախ մասնակցայնությունը եւ հուզականությունը ժողովրդական երգային-երաժշտական նորանոր գոհարներ էին ծնում, հնարվում էին ձվի նախշազարդման եւ զարդարման նորանոր գեղագիտական ձեւեր (Հ. Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երեւան, 2005, էջ 135-159):

ԽՍՀՄ փլուզումից հետո Զատիկի տոնահանդեսն զգալիորեն վերածնվել եւ ակտիվացել է: Ներկայում կենսունակ է եւ նշվում է հիմնականում ընտանիքներում, բայց որոշ մարզերում շարունակվում է ընտանեկան եւ համայնքային ուխտագնացություններով: Զատիկն այժմ ունի տոնական ուտեստի կայուն բաղադրիչներ՝ պինդ եփած կարմիր ձվեր, ձուկ, փլավ, քաշովի, զանազան թարմ ու տապակած կանաչեղեն, գաթա: Առաջացել են ձվախաղերի, ձու ներկելու, նախշելու եւ զարդարելու նոր ձեւեր, որի պահանջարկին հաճույքով արձագանքում է նաեւ բիզնես ոլորտը: Ավելացել է Զատկին եկեղեցի այցելողների թիվը: Շատերն, անշուշտ, գնում են Քրիստոսի Հարության խորհրդին մասնակցելու, բայց քիչ չեն նաեւ այդ օրը եկեղեցի ձու տանողների, ձվի օրհնություն ստանալու եւ օրհնված ձվերով Զատիկը նշելու ցանկություն ունեցողները: Ոմանք իրենց հետ եկեղեցի օրհնության են տանում նաեւ տանը նախապես ծլեցրած ցորեն: Վերադառնում է Զատիկին «ածիկ» սարքելու եւ ուտելու ավանդական սովորույթը: «Ածիկի» խորհուրդ ցորենի առաջին ծիլը, այսինքն` հարության առաջին առարկայական վկայությունն ուտելով` բնության հարության հետ հաղորդակցվելու երեւույթն է:

Ավանդական «ածիկ» ուտելիքը պատրաստվում է խոնավ միջավայրում հատուկ ծլեցրած ցորենի կարմիր ծիլերից` չթողնելով, որ այդ ծիլերը կանաչեն: Համատարած է դառնում տունը, բնակարանը զատկական խորհրդանիշերով զարդարելու երեւույթը: Հայաստանի մարզերում կան Զատիկ տոնելու տեղական առանձնահատկություններ: Ներկայումս զարգանում է տոնի բաղադրիչների բիզնես առաջարկ՝ թե ծառայությունների, թե ապրանքների ձեւով: Տոնի հասարակական նշանակությունը հոգեւոր եւ մշակութային արժեքների եւ գեղագիտական ընկալումների զարգացումն է, հասարակության մշակութային ընդհանրության եւ հուզականության ձեւավորումը, մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին, աշխարհիկ եւ կրոնական լավագույն արժեքների միաձուլումը, ընտանեկան ջերմության կարեւորումը, մարդ-շրջակա սոցիալական եւ բնական միջավայր կապի մշտնջենականության վերահաստատումը:

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Ժողովրդական վարպետի վկայականի շնորհում

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ժողովրդական վարպետի կարգավիճակը հաստատող վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Նշյալ վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արվեստի (մետաղի, քարի, փայտի գեղարվեստական մշակման, խեցեգործության, թաղիքագործության, գեղարվեստական գործվածքի (ասեղնագործություն, ժանեկագործություն, գորգագործություն, կարպետագործություն և այլն)) ոլորտներում ստեղծագործող անձանց, որոնք գեղարվեստական ստեղծագործության իրեր են պատրաստում՝ ժողովրդական ավանդույթներին համապատասխան:

Միջոցառման ընթացքում տարբեր տարիքի 16 վարպետներ ժողովրդական վարպետի կարգավիճակը փաստող վկայականներ են ստացել: Տեղի է ունեցել նաև ժողովրդական ստեղծագործության աշխատանքների ցուցադրություն, որի ընթացքում վարպետները ներկայացրել են իրենց աշխատանքները: Հատկանշական է երիտասարդ ստեղծագործողների մասնակցությունը՝ որպես ավանդույթի նորովի մեկնաբանությունների և արդիականացման դրսևորում:

Գործընթացի իրականացումն ուղղված է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու կենսունակության ապահովմանը՝ խթանելով ժողովրդական արհեստների և արվեստի ոլորտներում աշխատող վարպետների ստեղծագործականությունը և ազգային ավանդույթների փոխանցման շարունակականությունը:

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի բարձունքում 2023 փառատոն

Նորքի Չինարի Ծառ հրապարակում ու հարակից տարածքում հունիսի 11-ին տեղի կունենա Նորքի Բարձունքում փառատոնը։
Կրկին կյանքի կկոչվեն քաղաքային մշակույթի և արվեստի մի շարք ուղղություններ, որոնցից շատերը բնորոշ են եղել պատմական Նորքին մինչ 21 դարը․
տիկնիկային ներկայացումներ
տիկնիկագործություն
բակային խաղեր
երաժշտություն
խեցեգործություն
կաշեգործություն
գինեգործություն
․․․ և այլն։

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-023» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին copy

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-023» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-023» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին copy

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մասնագիտական խմբի, 2023 թ. ապրիլի 13-ի Արձանագրություն 1-ի որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-023»

«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են այստեղ՝ հրավեր:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. մայիսի 15-ը, ժամը 12:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. մայիսի 15-ին, ժամը 12:00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար` Նաիրա Կիլիչյանին

Հեռախոս՝ 010 599 629

Էլ. փոստ՝ [email protected]

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Սուրբ Զատիկը Ժողովրդական արվեստների թանգարանում

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս…
Երգ ու պարով, զատկական ուրախ խաղերով, հայկական գինով ու տոնական ուտեստներով «Վան» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ Ժողովրդական արվեստների թանգարանում նշեցին Սուրբ Զատիկը։

Խեցեգործության և մանրանկարչության հմտությունների դասընթաց

Խեցեգործության և մանրանկարչության հմտությունների դասընթաց

ԳՈՅ Մարդասիրական հիմնադրամի կողմից հիմնված ԿերամաԶարդ արվեստանոց-ուսումնարանում ս.թ. ապրիլից-հուլիս ամիսներին կազմակերպվելու է խեցեգործության և մանրանկարչության հմտությունների եռամսյա դասընթաց: Ծրագրի նպատակն է պատրաստել մանրանկարված ձեռագործ կերամիկական դեկորատիվ առարկաներ: Ծրագրի միջոցով կշեշտադրվեն Կիլիկյան և Արցախ-Ուտիք մանրանկարչական դպրոցները:
Ծրագրի շրջանակում կուսուցանվեն խեցեգործության և մանրանկարչության հմտություններ:
Ծրագիրն իրագործվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: