Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

Մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպմամբ մարտի 13-ին մեկնարկել է «Մշակութային արժեքների պահպանության պլան» խորագրով վերապատրաստման դասընթացը:

Դասընթացն անցկացվում է մարտի 13-16-ը Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրին մասնակցում են թանգարանների, գրադարանների, արխիվների մասնագետները, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ներկայացուցիչները:

Ծրագրի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, վարչության թանգարանների գծով գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Դասընթացը վարում էին Ֆրանսիայի թանգարանների հետազոտությունների և վերականգնման կենտրոնի կանխարգելիչ պահպանության ծրագրերի ղեկավար, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Մարի Կուրսելոն և գրաֆիկական աշխատանքների վերականգնող, կանխարգելիչ պահպանության մասնագետ, Ֆրանսիայի «Կապույտ վահան» կազմակերպության գլխավոր քարտուղար Կամիլ Օմոնը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է և շնորհակալություն հայտնել մասնակիցներին՝ ծրագրին լայն մասնակցություն ապահովելու համար: «Անչափ ուրախացնող է այն փաստը, որ ծրագրին մասնակցելու համար գրանցված 50 մասնագետներից այսօր դասընթացին մասնակցում են պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ոլորտի ավելի քան 70 մասնագետներ: Սա միանշանակ վկայում է դասընթացի կարևորության մասին: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիական կողմի աջակցությամբ, որի հաջորդ փուլերը կանցկացվեն հունիսին և հոկտեմբերին: Վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների ներկայացրած փորձը մեր մասնագետները կյուրացնեն և կկիրառեն ի շահ մեր երկրի»,- նշել է նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնել ֆրանսիացի գործընկերներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մարի Կուրսելոն շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին ծրագրի մեկնարկին մասնակցելու համար և շեշտել, որ ոլորտի մասնագետների համար նախատեսված այս կարևոր ծրագիրը կլինի շարունակական և կամփոփվի այս տարեվերջին:

Վերապատրաստման դասընթացի նպատակն է աջակցել մշակութային հաստատություններին մշակելու «Մշակութային արժեքների պահպանության պլանը» (ՄԱՊՊ):

Տեսական հատվածի ընթացքում բանախոսները ներկայացրել են «Մշակութային արժեքների պահպանության պլանի» մարտահրավերները, առաջնահերթ տարհանման ենթակա մշակութային արժեքների դասակարգումը, մեթոդաբանական ընտրությունը և մշակութային արժեքների տարհանման պլանի կազմումը: Դասընթացի առաջին օրը մասնավորապես անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին ռիսկերի վերլուծությանը: Դասընթացն ուղեկցվում է գործնական վարժանքներով և խմբային աշխատանքով:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին Մատենադարանում իրականացվել է եռօրյա վերապատրաստում-դասընթաց՝ նվիրված մշակութային արժեքների պաշտպանության թեմային: Հանդիպումների շրջանակում ներկայացվել է Ֆրանսիայի լավագույն փորձը:

Նշենք, որ 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը

Կայացել է «Կայթի» նոր՝ ՆՈւԱԳ նախագծի առաջին ալբոմի շնորհանդեսը։
ՆՈՒԱԳ-ը «Կայթ» նվագախմբի նախագծերից է, որը ներկայացնում է հայ ավանդական պարեղանակները նոր մշակմամբ և գործիքավորմամբ՝ ընգրկելով քիչ շրջանառվող կամ նախկինում երբևէ չձայնագրված նմուշներ։

Նախագծի նպատակներն են. հայ ավանդական պարերի երաժշտական ֆոնդի թարմացումը, քիչ շրջանառված կամ չձայնագրված պարեղանակների հանրահռչակումը, պարախմբերին, պարուսույցներին և ազգային պարերով հետաքրքրվողներին նոր գործիքակազմի տրամադրումը:

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով․ «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսևորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին և դրանից հետո։ Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց և ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը․ առանց այս ասեղնակարերի և խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։

Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձևավորեց․ «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը։

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

«Արմատներ»․ ասեղնագործ իրերի ցուցադրություն

Մարտի 7-ին, ժամը 16:00-ին «Թեքեյան» մշակութային միությունում կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Աիդա Սանթուրյանի և Հուրի Իփեքճյանի «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրության բացումը։

Ասեղնագործության վարպետները, որոնք ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի, տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձևի հետ, որպեսզի նոր սերունդը ընդունի և փոխանցի այն։ Կներկայացվեն սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ իրեր, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Արծաթյա զարդերի ցուցահանդես

Մարտի 7-ից ապրիլի 7-ը Երևան քաղաքի պատմության թանգարանում կգործի ժողովրդական վարպետ Արմեն Վարդապետյանի (ՎԱՌ) անհատական ցուցահանդեսը՝ «Կիլիկիա» խորագրով: Կներկայացվեն նրա հեղինակած արծաթյա զարդերը, ինչպես նաև նկարները՝ ոգեշնչված Կիլիկյան Հայաստանի արվեստից, մասնավորապես մանրանկարչությունից:

 

Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

Հրատարակվել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» պատկերագիրք-ուսումնասիրությունը

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի հետ հրատարակել է «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն, անգլերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը: Այն հրատարակվել է 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Գիտական հանրույթի ու ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված այս հրատարակությունը Ռուսական ազգագրության թանգարանի ազգագրագետ-նկարիչ Կ. Զ. Քավթարաձեի՝ Շուշի և Թիֆլիս քաղաքների էքսպեդիցիայի նյութերի վերաբերյալ առաջին ուսումնասիրություն-հրատարակությունն է:
Պատկերագիրք-ուսումնասիրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ՌԴ Ռուսական ազգագրության թանգարանի գիտական խորհուրդների որոշմամբ:

Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է՝ համալրելու արտասահմանյան կարևորագույն գրադարանների ֆոնդերը:

Արհեստագործության դասընթացներ Թումո ստուդիաներում

Արհեստագործության դասընթացներ Թումո ստուդիաներում

Ինչպե՞ս են ստեղծվում զարդերը, ինչո՞ւ են մարդիկ միշտ կապված կավի հետ, հնարավո՞ր է բացահայտել ասեղնագործության բոլոր գաղտնիքները, ինչպե՞ս են ստեղծում իդեալական չափսի հագուստը ու ի՞նչ տեխնիկաներով են տպագրում դրանց վրա. այս ամենի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։

Թումո ստուդիաներում մեկնարկում է զարդերի ստեղծման, խեցեգործության, հագուստի կոնստրուկտավորման, ասեղնագործության և մաղատպագրության տեխնիկական դասընթացների ընդունելությունը։
Դասընթացները տեղի կունենան Թումո ստուդիաներում (Պուշկին 38), տևողությունը՝ 3-ից 12 ամիս։
Դիմել կարող են 16-ից 28 տարեկան բոլոր ցանկացողները։ Դիմել այստեղ՝ https://tumostudios.com/learn/:
Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 26։

Թումո ստուդիաները անվճար կրթական ծրագիր է համալսարանական տարիքի երիտասարդների համար, ովքեր հետաքրրքրված են արհեստագործությամբ, արվեստով և դիզայնով:

Քննարկվել են հայ-մեքսիկական կրթական և մշակութային համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-մեքսիկական կրթական և մշակութային համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-մեքսիկական կրթական և մշակութային համագործակցության հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ընդգծվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի և Մեքսիկայի «Թարգմանությանն աջակցող ծրագրի» միջև համագործակցության խթանման հնարավորությունը:

Կարևորվել են նաև հայ-մեքսիկական հարաբերությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման բնագավառներում զարգացնելու, մասնագիտական որակավորմանը և փորձի փոխանակմանը նպաստելու, երկու երկրների միջև թանգարանային համագործակցությանն աջակցելու, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ժողովրդական ստեղծագործության ցուցադրություններ, վարպետաց դասեր և թեմատիկ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունները:

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Հայկական Տրնդեզի, Բարեկենդանի և ռուսական «Масленица»-ի տոնական միջոցառումներ

Փետրվարի 26-ին «Պորտ Այաս»-ում տեղի ունեցավ հայկական և ռուսական երեք տոները (Բարեկենդան, Տրնդեզ, Масленица) ներկայացնող փառատոն, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու երկու մշակույթներին, ազգային երգ ու պարին, ծիսական արարողություններին, ավանդական ուտեստներին։

«Բարբառը-մեր-հարստությունն-է»-խորագրով-մրցույթ՝-նվիրված-Մայրենիի-օրվան

«Բարբառը մեր հարստությունն է» խորագրով մրցույթ՝ նվիրված Մայրենիի օրվան

«Բարբառը-մեր-հարստությունն-է»-խորագրով-մրցույթ՝-նվիրված-Մայրենիի-օրվան

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեի հետ համատեղ, անցկացնում է աշակերտների հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով կներկայացվի մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2023 թ. փետրվարի 14-ը ներառյալ, [email protected] էլ.փոստին: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվի: Լավագույնները կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում:

Մայրենիի միջազգային օրվա շրջանակում դպրոցներին առաջարկվում է նաև, որպես սոցիալական արշավ, իրականացնել ուսումնական նախագծեր՝ նվիրված մայրենի լեզվին, փետրվարի 14-21-ը դրանք հրապարակել դպրոցների պաշտոնական հարթակներում (Ֆեսյբուք, Ինստագրամ)՝ #մերմայրենին #մայրենինամենուր նշիչներով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Նախատեսվում է ԿԳՄՍՆ-ի սոցիալական հարթակներում Մայրենիի նախընթաց շաբաթվա ընթացքում իրականացնել նաև մեկ այլ սոցիալական արշավ` հրապարակել օտար բառեր և դրանց համարժեք հայերեն տարբերակները՝ օգտագործելով #եսընտրումեմհայերենը կամ #հայերենհամարժեքը նշիչները: Դպրոցները ևս կարող են միանալ այս նախաձեռնությանն իրենց սոցիալական էջերում: Հայերենի համարժեքներին կարելի է ծանոթանալ Լեզվի կոմիտեի կայքի «Հորդորակ» շարքում՝ https://bit.ly/2B2h8OG

Նշենք, որ համաձայն ընթացակարգի՝ մրցույթի և արշավի վերաբերյալ շրջաբերական գրությամբ տեղեկացվել են նաև ՀՀ դպրոցները: