cucahandes-drvagner-inqnutyan-zard

Ցուցահանդես «Դրվագներ ինքնության. զարդ»

Ապրիլի 7-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով:

Ցուցահանդեսում ներառված են լինելու Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և որ ամենակարևորն է՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:

aseghnagorcutyan-ev-karpetagorcutyan-dasyntac-erkarakecutyan-kentronum

Ասեղնագործության և կարպետագործության ուսուցումը «Երկարակեցության կենտրոնում» շարունակվում է

Ասեղնագործության և կարպետագործության ուսուցումը «Երկարակեցության կենտրոնում» շարունակվում է։ Նախորդ ծրագիրը մեծ արձագանք առաջացրեց իր սպասելի և անսպասելի արդյունքներով, իսկ այսօր հնարավորություն կա խումբն ընդլայնելու։ 

Եթե 65+ տարեկան եք կամ ունեք այդ տարիքի հարազատ, որը ցանկանում է պահպանել իր ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, պատրաստ է նոր հմտություն յուրացնել, բացահայտել իր ռեսուրսները և ի գործ դնել դրանք, զանգահարեք«Երկարակեցության կենտրոնում» ընդունելությունը բաց է։

«Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ զարգացման» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, իսկ ուսուցիչը տաղանդավոր, Հայաստանը բազմաթիվ միջազգային մշակութային միջոցառումների ընթացքում ներկայացրած ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանն է (Galanthus):

Սունդուկյան 70, Արաբկիր, Երևան
041 703 103  / 060 903103
[email protected]
www.GERONTOLOGY.am

mer-ergery-akneri-het

Մեր երգերը «Ակներ»-ի հետ

Ապրիլի 1-ին՝ ժամը 19։00-ին, Բարձունք կենտրոնում տեղի կունենա «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հերթական միջոցառումը:

Այս անգամ միջոցառման հյուրն է լինելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Ակներ» ազգային երգ ու պարի համույթը՝ խմբի ղեկավար Աննա Երիցյանի գլխավորությամբ։

Մուտքն ազատ է։

aseghnagprcutyan-dasyntac-vanadzorum

Ասեղնագործության դասընթաց Վանաձորում

Ապրիլի 2-ին, ժամը 13։00-ին «Խորոտ»-ը կանցկացնի Մարաշի ասեղնագործության բաց դաս՝ «Իրական դպրոց» ԿՀ-ի Վանաձորի մասնաճյուղում (հասցե՝ ք.Վանաձոր, Վարդանանց 11/բ)։

Անհրաժեշտ բոլոր պարագաները կտրամադրվեն տեղում։ Դասավանդվելու է Մարաշի հյուսված կար։

Մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել
[email protected]
+37494548987, +37493629421։

samovar-xoragrov-inqnaerneri-cucahandes

«Սամովար («Ինքնաեռ»)» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

Մարտի 23-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Սամովար («Ինքնաեռ»)» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից 2 ցուցանմուշ՝ Նոր Ջուղայի հայ վարպետների ձեռքով պատրաստված  և Ռուսաստանի Տուլա քաղաքի խոշոր գործարանատերեր Բատաշյովների դրոշմով:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը:

vonmj-canky-hamalrvel-e

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության ‹‹Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին›› օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր ներկայացնելու դեպքում նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 45 տարրերից, համալրվում է ևս 6-ով: Դրանք են՝ «Ասեղնագործություն», «Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում», «Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում», «Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը», «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված Տերընդեզ և Վարդավառ տոների մասին տեղեկությունները:

Նշյալ ցանկում ընդգրկված արժեքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 18-ին կայացած նիստում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ կերպով արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

rusakan-arvesti-cucahandes

Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն հայ և ռուս վարպետների պատրաստած ինքնաեռները

Առաջին անգամ Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, մարտի 23-ից հունիսի 15-ը կանցկացվի «Սամովար (‹‹Ինքնաեռ››)» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Յուրահատուկ այս ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք ունեն։

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ինքնաեռի պատմությանը, ձևերին, դրանց հետ կապված ավանդույթներին, ինչպես նաև այն բանաստեղծություններին, որոնցում ռուս մեծ բանաստեղծները հիշատակել են ժողովրդի կողմից այդքան սիրված կենցաղային առարկան։

Կցուցադրվեն ինքնաեռներ ռուսական հայտնի գործարանների` Բատաշյովների, Վորոնցովների, Գուդկովի, Շեմարինների արտադրանքները։ Ռուսական գործարանային արտադրանքի կողքին իր արժանի տեղն է գրավում Նոր Ջուղայի հայ վարպետի ստեղծած յուրահատուկ ձեռակերտ ինքնաեռը։

Այցելուները կտեսնեն նաև հայ բանաստեղծների և գրողների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի, Սիամանթոյի և Գ. Սունդուկյանի անձնական ինքնաեռները։

Ցուցահանդեսը կլրացվի Ռուսական արվեստի թանգարանի թեմատիկ կտավներով։

Նշենք, որ այս ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են ինքնաեռներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Միջին Արևելքի թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի և Ե. Չարենցի տուն-թանգարանի հավաքածուներից։

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր, ինչպես նաև թեյախմության երեկոներ (ծրագրերին մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ)։

 

ararcinery-tesafilm

«Արար»-ցիների տեսաֆիլմերը միջազգային մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

«Ժառանգություն» սոցիալ-մշակութային միավորումը Բելառուսի Հանրապետության Մոգիլև քաղաքում կազմակերպել էր «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը: Միջոցառումն ընդգրկված է 2021-2022 թթ. ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության միջոցառումների ծրագրում: Այն նախատեսված էր 14-22 տարեկանների համար և տեղի է ունեցել տարբեր անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ, որոնք ներկայացրել են 48 աշխատանք։

Մրցույթին ուսուցիչներ Թաթուլ Կարապետյանի, Անդրանիկ Հարությունյանի և Նարինե Պողոսյանի գլխավորությամբ մասնակցել են «Արարի» 9 սաներ: «Ժառանգություն» անվանակարգում «Արարը» ներկայացել էր երեք տեսաֆիլմով. երեքն էլ արժանացել են մրցանակի:

1-ին աստիճանի դիպլոմ. «Я – носитель традиций моих предков» (‹‹Ես իմ նախնիների ավանդույթների կրողն եմ›› տեսաֆիլմը պատմում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի կարպետագործության կենտրոնի մասին), «Возрождаю быт предков» (‹‹Վերածնում եմ նախնիների կենցաղը›› տեսաֆիլմը պատմում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի խեցեգործության կենտրոնի մասին),

2-րդ աստիճանի դիպլոմ. «Я возвращаюсь к истокам нашей письменности» (‹‹Ես վերադառնում եմ մեր դպրության ակունքներին›› տեսաֆիլմը պատմում է Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Արարի» մանրանկարչության կենտրոնի մասին):

Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել «ՌՈՒՍԿԻ ԴՈՄ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:

«Արարի» հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթն այն լավագույն առիթներից է, որի շնորհիվ աշխարհին կարող ենք պատմել Հայաստանի մշակույթի և նրա շարունակականության ապահովման մասին:

gorgagorcutyan-ev-kari-dasyntacner-arcaxum

Գորգագործության և կարի դասընթացներ Արցախում

Դասընթացներին կարող եք գրանցվել հղումով կամ զանգահարել 098250804, 097550857 հեռախոսահամարներով։

Դասերը տեղի են ունենալու երկուշաբթիից ուրբաթ` 10:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում։

Յուրաքանչյուր դիմորդ կմասնակցի 1 ամիս տևողությամբ։
Դասընթացները տեղի են ունենալու Ստեփանակերտ քաղաքում։
Դասընթացներն անվճար են, մասնակիցներին տրանսպորտային միջոցը կտրամադրվի անվճար։

sharjayi-jarangutyan-orer

Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։

Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ:

Փառատոնի մեկնարկին հայկական տաղավար է այցելել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը պատվիրակությանն առանձին սրահներում հանգամանորեն ներկայացրել է հայ մշակութային ժառանգությունը: Հայկական տաղավար են այցելել նաև ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար Կարեն Գրիգորյանը և ԱՄԷ-ի ու Կատարի թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղված հայկական պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Փառատոնը կտևի մինչև մարտի 28-ը: Մինչ այդ՝ մշակութային օրերի ընթացքում, հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։ Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծնի վանքը: