«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նոյեմբեր ամսվա հանդիպումը նվիրված է Կարնո աշխարհի երաժշտարվեստին։ Կսովորեք այդ տարածաշրջանից երգեր, կզրուցեք ֆոլկլորից, դրա էությունից, տարբեր տարածաշրջաններին բնորոշ առանձնահատկություններից։ Հյուրն է լինելու երաժշտագետ, ֆոլկլորագետ, ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի գիտաշխատող, Կարին ավանդական երգի, պարի խմբի խմբավար Անի Հակոբյանը։ Հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում (Աբովյան 64)։ Մուտքն ազատ է։
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ծրագրում՝ ▪ հայ ավանդական պարերի ուսուցում «Արեգ» ազգային պարի խմբի մասնակցությամբ /գեղ. ղեկավար, պարուսույց՝ Արտավազդ Այվազյան/ ▪ հայ ժողովրդական երգերի ուսուցում /երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան Դոլուխանյան/: Մուտքը՝ 600 դրամ:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին «ՀՕՄ Արվեստ»-ը կմեկնարկի Մարաշի ասեղնագործության դասընթացը: Բոլոր անհրաժեշտ նյութերը տրամադրվում են: Հասցե՝ Չարենցի 20, հեռ.՝ 091567513, 093779375:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի հանդիպում-քննարկում «Կայթ» ավանդական երգի և պարի խմբի ղեկավար, «Ինստիգեյթ» ինժեներական ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն Կորյուն Դավթյանի հետ: Քննարկման շրջանակում Կորյուն Դավթյանը կխոսի ժողովրդական արվեստի մոնոտեզիացիայի և զարգացման մասին, կներկայացնի Հայաստանի և հայ ժողովրդի ժողովրդական արվեստների ժառանգության իրացվելիության խնդիրները, կանցկացնի քննարկում ոլորտի պահանջարկի, որակի վերահսկողության և այլ հարցերի շուրջ: Մուտքն ազատ է:
«ԱՐԱՐ» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի Լոռու մարզի Դսեղ գյուղում գործող «Գորգագործություն և կարպետագործություն» բաժնի ուսուցչուհի Փիրուզ Գևորգյանն ու սաները կարպետագործության վարպետաց դաս կանցկացնեն Wow Glamping-ում: Wow Glamping-ի այցելուները կբացահայտեն կարպետագորության խորհրդավոր աշխարհը՝ հնարավորություն ունենալով տեղում արարել իրենց կարպետահյուս հուշանվերը:
Այս անգամ Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի ուսանողները հնարավորություն ունեին լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Շնորհակալություն Աիդա Սանթուրյանին և Իսկուհի Սարգսյանին՝ դասընթացը վարելու համար: Ծրագիրը շարունակական է. Հովհ. Թումանյանի թանգարանը ԶԱՐԴ մշակութային ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է հայկական ասեղնագործության ուսուցման ծրագիրը: ՈՍԿԵՁԵՌԻԿ վարպետների օգնությամբ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։ Դասընթացն անց է կացվում Հովհ. Թումանյանի թանգարանում: Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ /010/560021 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին։
Կազմակերպչական երկար աշխատանքներից հետո Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում վերջապես մեկնարկում է «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը։ Նոյեմբերի 2-ին Խաչիկի Մշակույթի տանը տեղի կունենա «Արև է ելել»-ի բացման միջոցառումը։ Համայնքի բնակիչներին կներկայացվի ծրագիրը, նրանց՝ ծրագրում ներգրավվածության բոլոր ուղղությունները։ Դե, իսկ պաշտոնական բացումից հետո արվեստագետներն իրենց համերգով սկիզբ կդնեն համայնքային տոնախմբությանը։ «Կաթիլ» բենդ, «Ճարտար» ակումբի երգչախումբ, Վարդուհի Թորոյան, «Թագպար» նվագախումբ, «Մենք» ազգագրական պարի խումբ. ազգային երգ ու պարի մշակույթը ներկայացնող այս խմբերի ու անհատների մասնակցությամբ համերգով կմեկնարկի «Արև է ելել» ծրագիրը:
«Մենք» ազգագրական պարի խումբը սիրով հրավիրում է ներկա գտնվելու իր կազմավորման 10-ամյակին նվիրված «Տոհմածառ» խորագրով համերգին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Համերգի ընթացքում բեմից կներկայացվեն ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր գրառված պարեր՝ նոր ձայնագրված պարեղանակներով, կցուցադրվեն խմբի պատմությունը պատմող տեսանյութեր: Միջոցառման հյուրերն են «Հրայրք», «Լույս» և «Նաիրի» ազգագրական պարի խմբերը: Երաժշտական մասը կապահովի «Կայթ» նվագախումբը: Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք գրել ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/menqfolkdance/ կամ զանգահարել՝ (077) 95 23 23։ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ։
«Հայորդի»-ի թիմը և Խաչիկի բնակիչներն արել են առավելագույնը՝ հոկտեմբերի 29-ին ձեզ սիրով լցված օր նվիրելու համար: Ի՞նչ է սպասվում ձեզ Խաչիկում․ 11:00-14:00 _ ծանոթացում գյուղական կյանքին ու աշխատանքին, մասնավորապես՝ բուրդ գզել, իլիկ մանել, գաթա, հալվա, երկանքով փոխինձ պատրաստել, թոնրի մեջ լավաշ թխել,տնական արիշտա և չորթան պատրաստել, պանիր հորել, խաղող ճզմել, կով կթել, մասնակցել բերքահավաքին: 14:00-16:00 _ քայլարշավ Խոտակերաց վանք Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ։ 16:00-16:30 _ գյուղական տոնավաճառ։ 16:30-17:00 _ Խաչիկյան ավանդական ուտեստների հյուրասիրություն։ 17:00-18:00 _ պարերի ուսուցում, կարպետագործության դասընթաց։ 18:00-19:00 _ ազգային համերգ։ 19:00-20:00 _ խարույկ, քննարկումներ, մտքերի փոխանակում: Մասնակիցները գիշերելու են գյուղացիների տանը: Ովքեր գիշերակացով չեն գնա, կվերադառնան Երևան 19:00-ին։ Բոլոր մասնակիցները ստանալու են անհատական նվեր-փաթեթներ, որոնք պատրաստվել են հենց այդ օրվա համար: Այն իր մեջ ներառելու է՝ էկո պայուսակ, կրծքանշան, սթիքերներ, գյուղական լանչ-բոքս և այլ անակնկալ նվերներ: Յուրաքանչյուր մասնակցի ողջ օրվա ընթացքում ուղեկցելու է մեկ երեխա Խաչիկից: Դուք հնարավորություն եք ունենալու ապրել, զգալ ու տեսնել իրական սահմանի և գյուղացու կյանքը՝ լի դժվարություններով և սիրով: Մասնակցության վճարից գոյացած հասույթն ուղղվելու է ԽԱՉԻԿԻ ՍԱՀՄԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆԸ։