mnjaxax

Երևանի մնջախաղի պետ․ թատրոնը կմասնակցի «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի Տյումենում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9-րդ երիտասարդական թատերական փառատոնին․

Ս. թ. հոկտեմբերի 20-22–ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կայանալիք «Կենդանի դեմքեր» 9–րդ երիտասարդական թատերական փառատոնին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի «Խաղ» ներկայացմամբ: Բեմադրությունը ընդգրկվել է տասը մրցութային ներկայացումների ցանկում, որի ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին:

Փառատոնի շրջանակում կկազմակերպվի հանդիպում ներկայացման ստեղծագործական կազմի հետ:

«Թատրոնի համապարփակ ներկայություն» խորագրով կոնֆերանսի շրջանակում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժ. Դադասյանը կվարի դասախոսություն, որի ընթացքում կներկայացվի ԵԹԿՊ-ի մնջախաղի դերասանական կուրսի ուսանողների «Feel Not Feel» բեմադրության տեսացուցադրությունը:

MoscowCinema

Նկարահանվել են Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված նոր ֆիլմեր

2017 թ. ապրիլին Մոսկվայի «Ստուդիա Ա ստեղծագործական արվեստանոցը» (“Творческая мастерская Студия А”) «Պրյանիչնիյ դոմիկ» (“Пряничный домик”) հաղորդաշարի համար Հայաստանում նկարահանել է Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված ֆիլմեր:

 

Նշյալ 26-րոպեանոց երեք հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները իրականացվել են «Հայկական խաչքարեր», «Ծիրանի ծառի երգը» (հայկական դուդուկ նվագարանի վերաբերյալ) և «Հայկական տարազ» խորագրերով, որոնցից երկուսն արդեն հեռարձակվել են եթերում:

 

Վերոնշյալ հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները և հեռարձակումները ռուսական հեռուստաեթերում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների տարածման և միջազգային հանրահռչակման գործընթացների հերթական նպաստավոր քայլերից են:

mansuryan

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն՝ Զվարթնոցում

Ս. թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն:

Մասնակցում է Հայաստանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։ Մենակատարներ` Իրինա Զաքյան /սոպրանո/, Հենրիետա Հարությունովա /սոպրանո/, Քրիստինե Սահակյան /մեցո սոպրանո/, Յանա Դարյան /ալտ/, Արթուր Ավանեսով /դաշնամուր/:

Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կազմակերպիչ՝ «PROF Production» ընկերություն։

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

 

0x0_80_0_0_53ba1a53405d064fb46e292851698cab.jpg

Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

Հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին հայտնում է կազմակերպությունը Twitter-ի իր էջում: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը հանդիպում է ամեն տարի՝ գնահատելու համար առաջարկվող թեկնածությունները և ցանկում դրանք ներառելու մասին որոշում կայացնելու համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանը, որի ընթացքում նախատեսված է 34 նոր հայտի դիտարկումը: Ներկայացված հայտերի թվում է եղել Հայաստանից քոչարի պարը, Ադրբեջանից՝ տոլմայի պատրաստման բաղադրատոմսը:

Աղբյուր՝ Tert.am

gorgagorcakan

Մեկնարկում է «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը

Ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 10:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կմեկնարկի «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը:

Գիտաժողովի բացմանն ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Այնուհետև, ելույթ կունենան կենտրոնի տնօրեն Հ. Հովեյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պ. Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը:

Գորգի և գորգագործական մշակույթի վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան արվեստաբաններ, ոլորտի մասնագետներ:

Կենտրոնական սրահում, որտեղ տեղի կունենա գիտաժողովը` հայկական էթնիկ միջավայր ներկայացնող անկյունում` գորգի դազգահի մոտ կաշխատի ժողովրդական վարպետ, գորգագործ Սյուզան Ավետիսյանը: Գործվող և գրեթե ավարտին հասցված փոքր «Խաչգորգի» վերջին թելերը հյուսվելու են գիտաժողովի մասնակիցների ձեռքով, որից հետո տեղի կունենա գորգի ծիսական կտրում՝ ուղեկցվելով ծիսական գործողություններով և երգերով:

Ազդագիրը ներբեռնել այստեղ:

gorger

Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի ամրոց-թանգարանում

Հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրություն՝ Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանում․

Ս. թ. սեպտեմբերի 14-ին, Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի Արցախյան գորգերի ցուցասրահում տեղի է ունեցել հագուստի մոդելավորող Լիլիթ Մելիքյանի հեղինակած հայկական գորգերի և զարդանախշերի մոտիվներով զգեստների ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:

Ցուցադրությունը կազմակերպվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության և Վարշավայի Թագավորական ամրոց-թանգարանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Լյուբլինի սննդի եվրոպական փառատոնի տնօրինության աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա էին Լեհաստանում հավատարմագրված դեսպանների կանանց ասոցիացիայի անդամները, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Հայկական գորգագործության ավանդույթների, զարդանախշերի և գորգերի պատրաստման առանձնահատկությունների մասին դասախոսությամբ հանդես է եկել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:

Միջոցառումն ուղեկցվել է հայկական ժողովրդական երգ ու պարով։

haci-paraton

«Հացի փառատոն»՝ Գյումրիում

Ս. թ. սեպտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակին հարող Աբովյան փողոցում կանցկացվի հացի փառատոն: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2013 թվականից մեկնարկած փառատոնն այս տարի կշարունակվի ուշագրավ ու ինքնատիպ դրսևորումներով: Կազմակերպիչն է Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ աշխատանքներին համագործակցող կառույցները` ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են հացարարման գործընթացի ցուցադրություններ. հանրապետության տարբեր քաղաքների հրուշակարանների և հացի արտադրամասերի վարպետներն առանձին տաղավարներով կներկայացնեն իրենց պատրաստած հացատեսակները: Միջոցառման շրջանակում հանդես կգան նաև թատերական և պարային խմբեր: Այս տարի հացի տոնը կտեղափոխվի փողոց, կներկայացվեն գյումրեցու ավանդական կենցաղը, արհեստներն ու արհեստավորական ավանդույթները, Ալեքսանդրապոլ-Գյումրու՝ հին քաղաքի երևելիների թատերականացված կերպարները (Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ, Քյանդարովենք, Խոյեցոնք, Քեշիշյաններ, Դրամփյաններ, Սանոյաններ, Կարայաններ, Սելյանովներ)՝ կենսապատումներով և պատվանուն տոհմածառերով:

Հացի փառատոնը, հատկապես, արժևորվում է նրանով, որ «Լավաշ, ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» մշակութային տարրը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Փառատոնի նպատակն է նպաստել հացարարման առանձնահատուկ նշանակություն ունեցող ժողովրդական սովորության պահպանմանն ու տարածմանը, տեղեկություններ հաղորդել հացի ստեղծման պատմության, ժողովրդի սովորութամշակութային կենցաղում մշտապես գոյություն ունեցող հացի պաշտամունքի ու հավատալիքների վերաբերյալ:

Միաժամանակ կարևորվում են մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը:

ван

«Վան» ազգագրական համույթի արցախյան համերգները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը, «Վան» ազգագրական համույթը համերգային ծրագրով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Համույթը, օգոստոսի 31-ին՝ բացօթյա համերգով հանդես է եկել Ստեփանակերտի հրապարակում, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Շուշիում: Ծրագրում ընդգրկված էին Արցախի ու Վասպուրականի աշխատանքային երգեր, Վանա թռնոցիներ, կատակերգեր, հայրենասիրական երգեր և պարեր:

 Հավելենք, որ «Վան» ազգագրական համույթը ստեղծվել է Հայրիկ և Մարո Մուրադյանների նախաձեռնությամբ` 1979 թվականին, Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում գործող «Վան» քառաձայն խմբի հիման վրա: Վերջին տարիներին համույթն ակտիվորեն մասնակցում է ՀՀ մարզերում և Արցախում կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումների:
hasmik-poghosyna'

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի մշակութային կրթական հաստատություններ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ՝ մասնակցելու գիտելիքի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումներին:

 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում՝ շուրջ մեկամյա հիմնանորոգումից հետո, կրկին դռները կբացի ավելի քան 600 աշակերտի առջև: Դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին՝ ստանձնելով հայկական երաժշտարվեստի և երաժշտական կրթության դարբնոցի առաքելությունը:
 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը միակ մասնագիտացված մշակութային կրթօջախն է, որի սաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն՝ «Դասական պար» և «Ժողովրդական պար» մասնագիտությունների գծով: 2016 թվականի օգոստոսից, պետբյուջեի միջոցներով իրականացվում է քոլեջի հիմնանորոգումը, որն ավարտին կհասցվի տարեվերջին, իսկ քոլեջի պատուհանների փոխարինումն այս ամռան ընթացքում իրականացրել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, որը նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել նաև տանիքի ջերմամեկուսացման և մուտքի դռների փոխարինման աշխատանքները:

hovhannes

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

«Հիշողության ծիսակամուրջ». գիտաժողով-ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին

 Ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
 

Գիտաժողովին հանդես կգան անվանի գիտնականներ և արվեստագետներ, միաժամանակ տեղի կունենա Հովհաննես. Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը, որը կուղեկցվի նրան նվիրված կայքի ներկայացմամբ և նրա մասին պատմող ֆիլմի դիտումով:

 Հովհաննես. Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ծնվել է 1926 թվականին, Երևանում: Սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրա­հում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
 

1947 թ. Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմա­մշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:

 1978 թ. հիմնադրել է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը և մինչև 1986 թ. զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ. հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում: