41042b3d62d5d152a81c111

Սանկտ Պետերբուրգում կկայանա «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը

Ս. թ. մայիսի 23-29-ը, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից:

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ):

 

Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի բացահայտումը, ժամանակակից աշխարհում նրանց ինտեգրումն ու լիարժեք ադապտացումը, ինչպես նաև հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխությունը:

 

«Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա` ս. թ. մայիսի 24-ին, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում: Փառատոնի հայաստանյան մասնակիցներ Ալեքսանդր Ժույկովը և Լևոն Կարապետյանը հանդես կգան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (դիրիժոր՝ Մ. Սինկևիչ) հետ:

 

Մայիսի 25-ին, Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում կկայանա Լևոն Կարապետյանի համատեղ համերգը Սաիդա Կալիկովայի (Իտալիա, Ղազախստան) հետ:

 

 

Փառատոնի շրջանակում՝ ս. թ. մայիսի 27-ին, Սանկտ Պետերբուրգի հիմնադրման օրվա առթիվ, Միխայլովյան այգում իրականացվող «Քաղաքը բոլորին» խորագրով ծրագրում Ալեքսանդր Ժույկովը հանդես կգա Վ. Անդրեևի անվան ռուսական ժողովրդական նվագարանների նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Դ. Խոխլով), իսկ գեղանկարիչ Նարինե Ղուկասյանն իր աշխատանքներով կմասնակցի ցուցահանդեսի, ինչպես նաև կանցկացնի վարպետության դաս:

machanenc

«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016

Ս. թ. մայիսի 14-21-ը «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Միասնության արվեստ» խորագրով «Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ը:

 Սիմպոզիումն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության կողմից՝ Էջմիածնի քաղաքապետարանի, «Մաչանենց տուրիզմ և արտ» սոցիալական ձեռնարկության և «Արփինետ» ՍՊԸ-ի աջակցությամբ։

2016 թ. սիմպոզիումը նվիրված է միջմշակութային երկխոսությանը, որին մասնակցում են 23 հայ և 14 օտարերկրացի նկարիչներ աշխարհի 7 պետություններից (Հայաստան, Ճապոնիա, Նիդերլանդեր, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա, Բելառուս, Եգիպտոս), ինչպես նաև ներկայում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցը» և Սիսիան քաղաքից խեցեգործ վարպետ Վահագն Համբարձումյանը:

Մասնակիցները սիմպոզիումի ընթացքում ականատես կլինեն հայկական խաչքարերի և զարդաքանդակների ստեղծման, ինչպես նաև կավե անոթների պատրաստման ստեղծագործական գործընթացներին: Խեցեգործության բազմադարյա ավանդույթները ներկայացնող այդ կավե նմուշները կհամալրեն «Մաչանենց» խեցեգործության թանգարանը:

«Մաչանենց» միջազգային նկարչական սիմպոզիում 2016-ի բացումը տեղի է ունենալու ս. թ. մայիսի 21-ին, ժամը 12։00-ին, «Հայ Միասնության Խաչ» բարեգործական-մշակութային հասարակական կազմակերպության տարածքում:

Սիմպոզիումի իրականացումը լայն հնարավորություն է ընձեռում միջմշակության փոխանակման, ավանդական մշակութային ժառանգության պահպանման ու տարածման համար: