Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հրավիրում է «Տյառնընդառաջը հայոց տոնացույցում» թեմայով հետաքրքիր դասախոսությանը։ Դասախոսության շրջանակներում հետաքրքիր տեղեկություններ կիմանաք տոնի, Տյառնընդառաջի քրիստոնեական և նախաքրիստոնեական խորհրդի մասին, կքննարկեք տոնի ծիսակարգը և առանձնահատկությունները Շիրակում: Բանախոս՝ պ․գ․թ․, դոցենտ, ազգագրագետ Կարինե Բազեյան։ Մուտքը՝ ազատ:
Օրերս «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի հարկի տակ կայացավ «Տորքի որդեգրում» ծրագրի Գավառ համայնքի գորգագործության խմբակի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: Միջոցառումն ամփոփվեց միասնական թիմով ավանդական գաթայի պատրաստման և այն գաթանախշերով հարդարելու արարողությամբ։
Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա գոբենակագործության (Վանի ժանյակ) անվճար դասընթաց՝ 8-17 տարեկան երեխաների համար։ Խմբակավար՝ Անահիտ Իսունց։ Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010 523 661 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ 11:00 – 18:00):
Միջոցառումն իրականցվելու է «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ։ Կխոսվի հացի արարման բոլոր փուլերի մասին՝ դաշտը մշակելուց, ցորեն ցանելուց մինչև թոնրի մոտ կատարվող աշխատանքը, կսովորեք այդ բոլոր փուլերում կատարվող երգերը՝ գութաներգեր, սանդի երգեր, հաց թխելու երգեր։ Իսկ միջոցառման ավարտին միասին թոնրում հաց կթխեք ու կհամտեսեք։ Հանդիպումը՝ փետրվարի 1-ին, ժամը 15։00-ին, «Մամիկ» հյուրատանը (Սերո Խանզադյան փող., 38 տուն)։ Միջոցառմանը մասնակցության համար երգել իմանալը պարտադիր չէ․ ժողովրդական երգերը բոլորինն են, դրանք կարող է երգել յուրաքանչյուրը՝ անկախ ձայնային տվյալներից։
Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ժողովրդական արվեստների թանգարանն առայժմ գործում է միայն Փայտարվեստի ցուցասրահում` Պարոնյան 4 հասցեում։ Թանգարանի այս գողտրիկ ցուցասրահը (նախկինում` Փայտարվեստի պետական թանգարան)` ձևավորված Գրիգոր Խանջյանի էսքիզներով, այցելուին է ներկայանում տարբեր փայտատեսակներից ստեղծված յուրօրինակ նմուշներով։ Աշխատանքային օրեր. երեքշաբթիից կիրակի || 10։00-18։00 Տոմսերի սակագներ. Մուտքի տոմս || 1000 դրամ Էքսկուրսիոն ծառայություն || 2000 դրամ։ Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։ 12 տարեկանից բարձր երեխաների, ուսանողների, ՀՀ կենսաթոշակառուների և փախստականների համար գործում է 50% զեղչ։ Հեռ․՝ +374 (10) 53 24 61։
Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել բազմարդյուն կառավարմանը: «Այն համահունչ է ՀՀ մշակույթի պաշտպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին»,-նշել է Դանիել Դանիելյանը: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ օրենքի նախագծով արժևորվում են մշակույթի տնտեսականացումը, միջազգայնացումը, ապակենտրոնացումն ու հանրահռչակումը, ինչպես նաև իմաստավորվում են ՀՀ պետական մշակութային կազմակերպություններում գործող կառավարման մոդելների կատարելագործումը և ֆինանսական նոր մոդելների ներդրումը: Նրա ընդգծմամբ՝ նախագծով կարևորվում են նաև ստեղծարար ներուժի վերարտադրումն ու ոլորտի զարգացումը, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հավասար մրցակցային դաշտի ապահովումը: «Խրախուսվում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը,- ասել է Դանիել Դանիելյանը և հավելել,- այսպիսով՝ նախագծով հստակեցվում են պետական մշակութային քաղաքականության կազմակերպումն ու գերակա սկզբունքները, լիազոր մարմնի և ստեղծագործ ոլորտի հարաբերությունները, Մշակույթի զարգացման նորաստեղծ հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը, պետական կառույցներում մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց գործառույթներն ու ատեստավորման հիմքերը: Նոր՝ առավել արդիական բովանդակությամբ, խմբագրված են «մշակույթ» հասկացությունը, «Հայստանի Հանրապետության մշակութային հարստություն» և «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն» եզրույթները»: Դանիել Դանիելյանը հայտնել է, որ առաջին անգամ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում տեղ են գտել «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» սահմանումը, մշակութային գործունեությամբ զբաղվող անձի կարգավիճակը, «ստեղծարար արդյունաբերություն» եզրույթը, դրամական խրախուսման տրամադրումը միջազգային հեղինակավոր մրցույթներում հանդես եկած ՀՀ մշակութային գործիչներին, ինչպես նաև համապետական, տարածքային և տեղային կարգավիճակ շնորհելու ընթացակարգը մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին: «Օրենքի նախագծի հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից իր վեր առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, հագեցած ու դինամիկ, մեր երկրի մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,- ելույթը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը: Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Մուրազատու Սուրբ Սարգիս, Դու հասնիս մըր էրկուսիս: Այս խոսքով են հաճախ սիրահարները հայցել Ս. Սարգսի բարեխոսությունը՝ հավատով, որ սիրո ուժն է անհաղթ։ Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից է, նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայմանը։ Փետրվարի 14-ին Խաչիկում կտոնվեն երկու տոները։ Ծրագրում` տոների խորհուրդների ներկայացում, քահանայի օրհնության կարգ, խարույկահանդես, խաշիլի և փոխինձի հյուրասիրություն, ազգային երգ ու պար։ Միջոցառման մասնակցությունն անվճար է։
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը հրավիրում է մասնակցելու սումախ տեսակի կարպետագործության դասընթացին: Դասընթացը բաղկացած է 10 պարապմունքից: Յուրաքանչյուրի տևողությունը՝ երկու ժամ։ Դասընթացի ամբողջական արժեքը՝ 28.000 դրամ: Մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է առանձին շրջանակով՝ ստեղծելով իր յուրօրինակ կարպետը: Դասերի ավարտին տրամադրվելու են հավաստագրեր, ինչպես նաև ձեր կողմից հյուսված կարպետները: Դասերի ընթացքում կլինեն ակնարկներ հայկական կարպետագործության տեխնիկաների և պատմության մասին: Դասընթացի համար անհրաժեշտ նյութերը, թելերն ու գործիքները տրամադրում է հիմնադրամը: Հանդիպման վայրը՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց: Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091265214, 077265214 կամ 010265214:
ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը: Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։ Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով կստեղծվի թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, որի աշխատակարգն ու անհատական կազմը կհաստատվեն առաջիկայում։ Համաձայն ընթացակարգի՝ թանգարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով և հավատարմագրման գրանցամատյանում գրանցումով: Հավատարմագրումը հնարավորություն կտա գնահատելու թանգարանների հավակնություններն ու գործունեության որակը, ինչպես նաև կնպաստի նշված կառույցների` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը՝ միաժամանակ համադրելի դարձնելով ազգային չափանիշները միջազգային պահանջներին։ ՀՀ կառավարության որոշմամբ կխթանվեն թանգարանի աշխատանքների մասնագիտական մակարդակի բարձրացումը, հավաքածուների պահպանման պայմանների և այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։ Ակնկալվում է, որ հավատարմագրման գործընթացի ներդրման արդյունքում կմեծանա հանրության շրջանում թանգարանների վարկանիշը:
Հոդվածի հեղինակ՝ ՀԱԻ ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Էմմա Պետրոսյան
Հոդվածում քննվում են հայոց մեջ շատ մեծ տարածում ունեցած և անձրևաբեր ծեսերում լայնորեն կիրառված ծիսական Նարին/Նուրին տիկնիկի անվանումները: Տարբեր ազգագրական գավառներում այս տիկնիկի անվանումները տարբերակային հարուստ դրսևորումներ ունեն, որոնց ստուգաբանությունն ի հայտ է բերում անվան պատմական ձևավորման գործընթացը, որոնք էլ իրենց հերթին օգնում են բացահայտելու այս տիկնիկի հնագույն, առասպելական արմատները: