«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն 

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

Օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային հոբելյանական 5-րդ փառատոնը։ Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական ու մշակութային իրական հրավառություն տեղի ունեցավ։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը մրցեցին՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։

Վարդավառի երգեր Հարություն Փանոսյանի հետ

Վարդավառի երգեր Հարություն Փանոսյանի հետ

Վարդավառի երգեր Հարություն Փանոսյանի հետ

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ ավանդական երգերի հերթական բաց դասը։ Այն նվիրված էր Վարդավառի տոնին։ Միջոցառումը վարեց ավանդական մշակույթի մեծ նվիրյալ Հարություն Փանոսյանը։
Հարություն Փանոսյանը երկար տարիներ ղեկավարել է «Ակունք» և «Վան» ավանդական երգի-պարի խմբերը, կատարել բանահավաքչական աշխատանք ողջ Հայաստանում, և ոչ միայն։

Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը

Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը

Հովհաննես Նաղաշյանի փայտարվեստը

Հայաստանի ազգային գրադարանի և Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին Հայաստանի ազգային գրադարանի Պատմության ցուցասրահում տեղի ունեցավ հայ փայտարվեստի նշանավոր վարպետ Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրության բացումը։
Այս հոբելյանական ցուցադրությունը եզակի հնարավորություն էր բացահայտելու մեծ վարպետի ստեղծագործական ժառանգության մինչ այժմ անհայտ էջերը։ Առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին Հովհաննես Նաղաշյանի երբևէ չցուցադրված էսքիզները, անձնական աշխատանքային գործիքները, ինչպես նաև նրա ստեղծագործական գործունեությունը ներկայացնող բացառիկ նմուշներ, որոնք բացահայտում են վարպետի աշխատանքի ընթացքն ու ստեղծագործական մտածողությունը։
Իր գործունեության ընթացքում Հովհաննես Նաղաշյանը կատարել է բազմաթիվ պատվերներ պետական և հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատ պատվիրատուների համար՝ ստեղծելով իրենց պահանջներին համապատասխան գեղարվեստական բարձր արժեք ունեցող կահույք և փայտարվեստի գործեր։ Նրա ձեռքով ստեղծվել են գրասեղաններ, գրապահարաններ, ցուցասեղաններ, ամբիոններ, նստարաններ, ցուցափեղկեր, հարթաքանդակներ և բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք այսօր էլ առանձնանում են իրենց բարձր գեղարվեստական ճաշակով և վարպետությամբ։
Նրա կարևոր պատվիրատուներից մեկն է եղել նաև Հանրային գրադարանը (Հայաստանի ազգային գրադարանը)։ Մինչ օրս գրադարանի ցուցասրահներն ու հատկապես Պատմության ցուցասրահը զարդարված են Հովհաննես Նաղաշյանի ստեղծած բացառիկ աշխատանքներով։

Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը

Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը

Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) և «Գրին ռոք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի համագործակցությամբ օգոստոսի 17-18-ին Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղում տեղի կունենա «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպումը ներառված է Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի միջոցառումների շարքում:

Նախաձեռնությունը մեկնարկել է, երբ 2025 թվականին Պլովդիվում տեղի ունեցող Սոֆիայի կենտրոնի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Հայաստանը հանդես է եկել կենտրոնի անդամ պետությունների մասնակցությամբ միջազգային տեքստիլ ցուցահանդես կազմակերպելու առաջարկով։

Ցուցադրության առաջարկը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ Դիլիջանի մշակութային միջավայրը, համայնքի կանանց ձեռագործության ավանդույթները՝ հատկապես ժանեկագործությունը, շարունակում են մնալ տեղական մշակութային ինքնության կարևոր դրսևորումներից։ Բացի այդ՝ 2025 թ․ Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մասնաճյուղը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ վերանորոգվել է և որպես հայկական տեքստիլի թանգարան՝ գործում է մշակութային այս միջավայրում։

Այս թանգարանը ներկայացնում է հայկական տեքստիլի ավանդույթները, դրանց գեղարվեստական ինքնատիպությունն ու շարունակականությունը, սակայն այսօր այն կատարում է նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ ներկայանալով որպես միջմշակութային երկխոսության և միջազգային համագործակցության տարածք։

Ցուցադրությանը մասնակցելու են տեքստիլ մշակույթի վարպետներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Խորվաթիայից, Վրաստանից, Ռումինիայից, Հունաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից։

Ցուցահանդեսի իրականացումն ուղղված է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի արժևորմանը, մասնագիտական նոր կապերի ձևավորմանը, փորձի փոխանակմանը, միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև Դիլիջան համայնքի աշխուժացմանն ու թանգարանի գործունեության հանրահռչակմանը։

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոց

Երբևէ մտածե՞լ եք՝ բնավորության ի՞նչ գծի կամ մարդկային որակի հետ կարող է ասոցացվել յուրաքանչյուր արհեստ կամ էլ նյութ, որից ստեղծագործություն է կերտվում, ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա վարպետը, որպեսզի կարողանա նյութը վերածել մի խոսուն առարկայի, որով հետագայում կհիանան սերունդները։
Ժողովրդական արվեստների թանգարանում մտածել են, և 7-16 տարեկան բոլոր հետաքրքրասերներին առաջարկում են միասին բացահայտել բոլոր գաղտնիքները։
«Վարպետների 7 գաղտնիքները» ամառային դպրոցը վերադառնում է:
Բուրդը կփոխանցի ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ՝ խորհրդանշելով կապը սերունդների միջև՝ կարպետագործության և թաղիքագործության լեզվով։ Այստեղ կարևոր է ուրիշների հետ աշխատելու, միմյանց լսելու և ընդհանուր արդյունք ստեղծելու կարողությունը։ Մետաղը կսովորեցնի ամրապնդել ԿԱՄՔԻ ՈՒԺԸ, կավը կխթանի ստեղծարարությունը, ՊԱՅԾԱՌ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻՏՔԸ։ Ասեղնագործությունը կհիշեցնի ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՎ ՆՐԲԱՆԿԱՏ, փայտը՝ ԲԱՐԻ ԵՎ ԱՆԿԵՂԾ, իսկ քարը՝ ԱՄՈՒՐ ԵՎ ԴԻՄԱՑԿՈՒՆ լինելու կարևորության մասին։
Ծրագրում՝ արհեստների ուսուցում խաղային ձևաչափով, ազգային երգ ու պար, այցելություններ թանգարաններ, արվեստանոցներ և ոչ միայն:
Հատուկ մշակված ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2021թ․ Ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի և զբոսաշրջության ոլորտի մասնագետ Նաիրա Մինասյանի հետ համատեղ։ Այժմ ամառային դպրոցի այս ձևաչափը վերադառնում է նոր շնչով՝ վերահաստատելու այն կարևոր արժեքը, որ հայկական մշակույթն ունի սերունդների կյանքում:

Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր

Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր

Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել դրա փոխանցմանը երիտասարդ սերունդներին։

Ծրագրի շրջանակում Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Հրազդանում, Նոյեմբերյանում և Ալավերդիում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման դասընթացներ։ Մասնակիցներին կներկայացվեն նաև պարերի պատմությունը, մշակութային առանձնահատկություններն ու ավանդույթները։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ավանդական պարային տարազների պատրաստումը, որին կներգրավվեն նաև համայնքի կամավորները։ Նախաձեռնության միջոցով նախատեսվում է ոչ միայն պահպանել ավանդական պարային մշակույթը, այլև այն տարածել տարբեր համայնքներում:

Կրթամշակութային այս ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության արժևորմանն ու պահպանմանը, ինչպես նաև տարբեր համայնքներում հունական մշակութային ավանդույթների շարունակականության և կենսունակության ապահովմանը։

Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը

Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը

Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզի հարուստ և ինքնատիպ երգիծական բանահյուսության փաստագրմանն ու հանրայնացմանը՝ հեռուստատեսային և թվային մեդիա ձևաչափերով։

Ծրագրի իրականացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Շիրակի երգիծական բանահյուսությունը» մշակութային տարրը ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ գրանցվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ այդ կերպ առաջնահերթություն ստանալով պահպանության և կենսունակության ապահովման ուղղությամբ: Առաջարկը ներկայացրել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ մարզի համայնքներում գրանցած դաշտային հետազոտական նյութերի հիման վրա և հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի կողմից:

Ծրագրի ընթացքում Շիրակի երգիծական բանահյուսությունը կրկին հանրային դաշտի ուշադրության կենտրոնում է՝ որպես մշակութային ինքնության կենսունակ բաղադրիչ՝ պահպանելով համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգությունը, երիտասարդության կողմից այդ ժառանգության նորովի արժևորումը: Սոցիալական հարթակներում երգիծական բանահյուսության նմուշների տարածումն ընդլայնում է դրա պահպանության և շարունակականության ապահովման հետագա հնարավորությունները:

Հայկական խոտաբույսերի և ծաղիկների փառատոն

Հայկական խոտաբույսերի և ծաղիկների փառատոն

Հայկական խոտաբույսերի և ծաղիկների փառատոն

Հուլիսի 4-ին Ենոքավանում տեղի ունեցավ 10-րդ հոբելյանական ՀայԲույս 2026 հայկական խոտաբույսերի և ծաղիկների փառատոնը։
Փառատոնի կարգախոսն էր. «Գնահատում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ գիտենք»։
Փառատոնը հագեցած էր սիրված վարպետաց դասերով և ժամանցային ծրագրով, ինչպես նաև վաղեմի ընկերների և նոր հյուրերի մասնակցությամբ թեմատիկ բաժիններով ու հետաքրքիր քննարկումներով։

Մարաշի հյուսված կարի դասընթաց

Մարաշի հյուսված կարի դասընթաց

Մարաշի հյուսված կարի դասընթաց

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը մեկնարկում է Մարաշի հյուսված կարի ասեղնագործության դասընթացը:
Մարաշի ասեղնագործության այս տեսակը բնորոշ է եղել Կիլիկիայի Մարաշ քաղաքին և դրա շրջակա տարածքին:
Դասընթացը բաղկացած է 8 պարապմունքից․ յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ:
Անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրվում են:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր:
Մեկնարկը՝ հունիսի 25-ից:
Դասերն անցկացվելու են յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 13:30-ին։
Դասընթացի արժեքը՝ 20․000 դրամ։
Հասցե՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց:
Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091 265214, 077 265214 կամ 010 265214:

Սեմինար-քննարկում «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Սեմինար-քննարկում «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում 

Սեմինար-քննարկում «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում

Հունիսի 24–ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը և «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը սեմինար-քննարկում անցկացրեցին ծրագրում ներգրավված կամավորների հետ։

Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Շ. Թորոսյանը ներկայացրեց ծրագրի գաղափարական հիմքերը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով Քվեմո Քարթլիի հայաբնակ համայնքներում պահպանվող տոնական ավանդույթների և մշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժևորման կարևորությունը։ Նա ներկայացրեց նաև կազմակերպության տարիների փորձը՝ սույն ծրագիրը Վրաստանի հիմնականում հայերով բնակեցված շրջաններում (Նինոծմինդա, Ախալքալաք, Ախալցխա) իրականացնելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից վերոնշյալ ծրագրերին աջակցելու վերաբերյալ։ Ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը կամավորներին մանրամասն ծանոթացրեց ծրագրի իրականացման փուլերին, հետազոտական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին և դաշտային աշխատանքի մեթոդաբանությանը։ Առանձնակի ուշադրություն դարձվեց բանահավաքության ընթացքում հարցազրույցների անցկացման սկզբունքներին, տեղեկատվության հավաքագրման ու փաստագրման մեխանիզմներին, ինչպես նաև տեղական բնակչության հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաև թեմային առնչվող տեսանյութ, որի դիտումից հետո ծավալվեց բովանդակալից քննարկում՝ այն համադրելով նախորդ տարիների փորձի հետ։ Քննարկվեցին ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքների բովանդակությունը, կամավորների ներգրավվածության ուղղությունները և առաջիկա աշխատանքների ժամանակացույցը։ Աշխատանքային հանդիպման ավարտին կատարվեց պարտականությունների բաշխում, հստակեցվեցին յուրաքանչյուր կամավորի դերակատարությունն ու պատասխանատվության շրջանակները։ Ծրագրի կազմակերպչական հարցերով պատասխանատու Մարինե Այվազյանը ներկայացրեց յուրաքանչյուր փուլի համար սահմանված աշխատանքների վերջնաժամկետները։

Ծրագիրը միտված է Քվեմո Քարթլիի՝ մասնավորապես Ծալկայի և Բոլնիսիի հայ համայնքներում պահպանված տոնական մշակույթի ուսումնասիրությանը, հավաքագրմանը և հանրայնացմանը՝ նպաստելով տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը։

Հանդիպումն անցավ ջերմ, ակտիվ և համագործակցային մթնոլորտում՝ դառնալով ծրագրի հերթական արդյունավետ և խոստումնալից փուլը։ Ծրագրին մասնակցում էին նաև տեղացի խորհրդատուներ, իսկ կամավորների մի մասը միացել էին առցանց ձևաչափով։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ֆինանսական օժանդակությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։