vardan-xumanyan

Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

05f611_9bd8b0b641ae445f808609e5355f4520_mv2

Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ,

 1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա տեխնոլոգիական և թվային աշխարհում: Քայլելով ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման բազմազան ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանյան և Արցախի Հանրապետության թանգարանները նույնպես անմասն չեն մնում և չեն մնալու հիշյալ՝ շարունակաբար փոփոխվող նորագույն մարտահրավերներին արձագանքելու կարևոր գործից:
 

Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնող կարևորագույն այն հաստատություններն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Անկարելի է թերագնահատել թանգարանների դերն ազգի պատմության կերտման, կայացման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում:

 

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն:

heritage-youth

Երիտասարդական մրցույթ` «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. հաջորդ սերունդը»

?????????????????????????????????????????????????????????

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնը (Սոֆիայի կենտրոն) հրավիրում է մասնակցելու «Ոչ նյութական մշակութային ժառանգություն. հաջորդ սերունդը» խորագրով երիտասարդական մրցույթին:

 Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձինք՝ ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության որևէ տարր, որը ներառված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
 
Հաղթող ճանաչված 3 մասնակիցների համար կկազմակերպվի եռօրյա այց Փարիզ: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը դիմումները մուտքագրել կենտրոնի կայքում՝ https://www.unesco-centerbg.org/en/next-gen/:
05f611_b330a9eb0e15440aa1358f7ce9a2fbc6_mv2

Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկի համալրում

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:
 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:
 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

 
 
my-armenia

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ:

Նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:

arcax.

Լույս է տեսել «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը

Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` տպագրվել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի չորրորդ հատորը՝ «Արցախի ժողովրդագիտությունը. Ազգագրություն»՝ աշխատասիրությամբ և ընդհանուր խմբագրությամբ բ.գ.թ., դոցենտ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արմեն Սարգսյանի: Հատորում ընդգրկված են Արցախի ազգագրությանը վերաբերող հետխորհրդային շրջանում կատարված ուսումնասիրությունները:

«Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարն ընդգրկում է Արցախի ժողովրդագիտության երեք բնագավառներին` ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառին առնչվող այն հիմնական ուսումնասիրությունները, ժողովածուները, ճանապարհորդական նոթերը, հուշագրությունները և այլ նյութեր, որոնք գրառվել ու հրատարակվել են հայ և օտարազգի տարբեր ազգագրագետների, բանագետների ու բանահավաքների, բարբառագետների, այլ բնագավառների գիտնականների, հասարակական ու եկեղեցական գործիչների, ճանապարհորդների, գրողների, Շուշիի և որոշ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու տեսուչների կողմից 19-րդ դարի կեսերից առ այսօր:

Յուրաքանչյուր բնագավառին վերաբերող առաջին հատորի առաջաբանում տրված է տվյալ բնագավառի ուսումնասիրության պատմությունը, իսկ եզրափակող հատորում` ամբողջական մատենագիտական ցանկը` ամփոփ նկարագրություններով:

Նյութերը, բացառությամբ բարբառով գրառվածների, ներկայացված են որոշակի խմբագրությամբ և սրբագրությամբ` ընդհանուր առմամբ համապատասխանեցնելով ուղղագրության ու տառադարձության արդի սկզբունքներին:

zaven-toqmajyan

Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ: Աշխատության մեջ առաջին անգամ ներկայացվում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող կանոնական երգերի ժողովրդականացված տարբերակների գիտարշավային ձայնագրությունների (1927-1999 թթ․) երաժշտագիտական քննությունը։ Ժողովածուն ներառում է 20-րդ դարում ջավախահայերի կենցաղում լայնորեն տարածված հոգևոր տաղերի, շարականների, Սբ․ Պատարագի երգային հատվածների, ժամագրոց երգերի, Սբ․ Ծննդյան և Հարության ավետիսների, երգվող աղոթքների և աշուղական հոգևոր երգերի նոտային ու բանաստեղծական տեքստերի վերծանությունները՝ զուգահեռաբար համադրելով ու վերլուծելով ժողովրդական և կանոնական հոգևոր երգերի տարբերակները։ Էլեկտրոնային գրքի խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը, գրքի գրախոսը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը: Գիրքը հասցեագրված է Ջավախքի մշակութային ժառանգությամբ հետաքրքրված անձանց, երաժշտագետներին և բանագետներին:

gorgagorcutyun

«Գորգագործության և կարպետագործության» անվճար դասընթացի մեկնարկը Աբովյան քաղաքում

Ուշադրություն Սիրելի՛ հետևորդներ, ուրախալի լուր ունենք հայտնելու։

 

ԱՐԱՐ-ը շարունակվում է ընդլայնվել։ Մեր կենտրոնը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հայտարարում է «Գորգագործության և կարպետագործության» անվճար դասընթացների մեկնարկի մասին։

 

Դասընթացներին անհրաժեշտ պարագաներն ու նյութերը ևս տրամադրվում են կենտրոնի կողմից անվճար։

 

Դասընթացները կանցկացնի Նարինե Պողոսյանը։

 

Դասընթացներին գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով։

 

Հեռ. 093 01 23 31 Հասցե Ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն։

 

 

Պահպանենք մեր ազգային մշակույթը

girq-nvirelu-or

Գիրք Նվիրելու Օրը Թանգարանում

Սիրելի ընկերներ, եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ գիրք նվիրել, ապա փետրվարի 19-21-ն այցելելով մեր Թանգարան՝ կարող եք ձեռք բերել հետևյալ արժեքավոր գրքերը և կատալոգները Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Իսկ փետրվարի 19֊ին Թանգարանի առաջին այցելուն կստանա իր նվերը՝ մեր կողմից

 

ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

 

քննառկւմ

Քննարկում. Ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ համար այժմ՝ առավել քան երբևէ, կարևոր է ներկա լինել այդ միջավայրում: Պետք է հստակեցնենք ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, իմանանք՝ ինչպես ենք դիրքավորվում միջազգային հարթակում»:

Նախքան նիստի օրակարգին անցնելը խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները՝ ինստիտուտում պահվող ձայնագրությունների թվայնացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պետք է աշխատել պահպանված ժառանգությունը ոչ միայն թվայնացնելու, այլև կենսունակ դարձնելու, երգն ու երաժշտությունը երաժշտական խմբերի միջոցով հանրայնացնելու ուղղությամբ՝ որոշակի ծրագրերի մշակմամբ, և այդպիսով նաև ձևավորելով միջոլորտային ամուր կապ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամները, ըստ ընթացակարգի, խորհրդի նոր նախագահ են ընտրել Հռիփսիմե Պիկիչյանին:

Հանդիպմանը քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով:

Առանձին-առանձին անդրադառնալով ցանկում ընդգրկված արժեքներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները, արված աշխատանքը և անելիքները, կարևորվել են ձեռք բերված հմտությունները: Մասնավորապես, առաջարկվել է «ասեղնագործությունը» հանել ցանկից՝ որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեք, քանի որ վերջին տարիներին ասեղնագործական նմուշների պահպանման ակտիվ գործունեություն է ծավալվում դասընթացների կազմակերպման միջոցով:

Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից ստացված առաջարկների՝ համատեղ հայտ պատրաստելու ցանկը: Որոշվել է առաջարկող կողմից խնդրել հիմնավոր տեղեկություններ ցանկի նմուշների վերաբերյալ՝ հետագա համագործակցությունը հստակեցնելու նպատակով:

barekendan

Ժողովրդական տոներին ընդառաջ. Բարեկենդան և Տյառնընդառաջ

«Վերադարձ ինքնությանը» նախագծի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի հետ փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ից, կանցկացնի Բուն Բարեկենդանին և Տյառնընդառաջին (Տրընդեզ, Տերինտես) նվիրված տոնածիսական միջոցառում։ 

Միջոցառման ընթացքում տոների խորհուրդը հանրությանը կներկայացնեն Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և ազգագրագետ, բանահավաք Հարություն Փանոսյանը: «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա տոներին բնորոշ խաղ-ներկայացումներով և ազգային խաղերով, որոնց մասնակիցը կդառնան նաև ներկաները: Կկատարվի նորապսակների, տնկիների և սերմերի օրհնության կարգ: Մուտքն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. հեռ.` +374 44 717470, հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):

 ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ