Ամառային_մշակութային_ճամբար_Ջավախքում (1)

Ամառային մշակութային ճամբար Ջավախքում

Ամառային_մշակութային_ճամբար_Ջավախքում (1)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը:
Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ:
10 օրերի ընթացքում գործնական գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով երեխաները հաղորդակցվել են հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ խեցեգործության, ասեղնագործության, տիկնիկագործության, գեղանկարչության, դիզայնի ուղղություններին, հայկական ավանդական պարերին ու խաղերին, ինչպես նաև անցկացրել են մարմնամարզական վարժանքներ։ Հայկական մշակույթին և արվեստին հաղորդակցման ընթացքում անդրադարձեր են եղել նաև վրացական մշակույթին ու արվեստին:
Ճամբարն իրականացվում էր մեծանուն բանաստեղծ Վ. Տերյանի ծննդավայր Գանձայում, ավելին՝ Վ. Տերյանի տուն-թանգարանի բակում: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են նաև Վահան Տերյանի կյանքին ու պոեզիային։
Ծրագրի իրականացումը նպաստել է ոչ միայն ջավախքաբնակ երեխաների հոգևոր-ազգային և մշակութային զարգացմանը, այլև էկոլոգիական, բարոյական, ֆիզիկական դաստիարակությանն ու արժեհամակարգի ձևավորմանը:

Տարեցների_ձեռարվեստի_ցուցադրություն՝_մշակութային_ժառանգության_պահպանության (1)

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն՝ մշակութային ժառանգության պահպանության համար

Տարեցների_ձեռարվեստի_ցուցադրություն՝_մշակութային_ժառանգության_պահպանության (1)

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը:
Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի շրջանակում:
Նշենք, որ տեղի են ունեցել ձեռարվեստի ավանդական տեսակների՝ կարպետագործության և ասեղնագործության դասընթացներ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի» 25 շահառուների՝ 63 և ավել տարիքի մեծահասակների համար, որոնք ուղղված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և տարածման միջոցով տարեցների մտավոր և հոգեբանական առողջության խթանմանը, բարեկեցությանը և հասարակական կյանքում նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ծրագրում առանցքային դերակատարում ունի տարեցների փորձի իրացումը և նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ներառական միջոցառումների իրականացումը կարևոր նախապայման է երկրի կայուն զարգացման, մեծահասակների ֆիզիկական և մտավոր առողջության, ինչպես նաև սերունդների փորձի փոխանակման ու փոխանցման ապահովման ուղղությամբ։

gyumri

ԳՅՈՒՄՐԻ. վարպետաց քաղաք

293238297_5630242320339838_1757295896770032231_n

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ ս. թ. հուլիսի 16-ին, Գյումրիում տեղի կունենա «Գյումրի. վարպետաց քաղաք» փառատոնը:
Փառատոնին կմասնակցեն ժողովրդական ստեղծագործության վարպետներ Հայաստանի մի շարք համայնքներից և ԱՊՀ երկրներից, որոնք կներկայացնեն իրենց գեղարվեստական աշխատանքները և կիրականացնեն վարպետաց դասեր:
Հուլիսի 16-ին Գյումրին կդառնա արհեստների, ազգային երգ ու պարի, ավանդական զրույցների, համեղ ուտեստների և անմոռանալի զգացողությունների կենտրոն: Գորգագործության, ասեղնագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և ԱՊՀ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, կմասնակցեն վարպետաց դասերին, արհեստների շուրջ քննարկումներին, հնարավորություն կունենան ձեռք բերել ինքնատիպ հուշանվերներ:
Կենտրոնական հրապարակում կազմակերպված միջոցառումներին զուգահեռ փառատոնին կմիանան Գյումրու տարբեր մշակութային և արհեստագործական կազմակերպություններ ու անհատներ՝ ամենուրեք տարածելով վարպետաց քաղաքի շունչը։
Փառատոնն անցկացվում է 2022 թ․ հայտարարված ԱՊՀ ժողովրդական ստեղծագործության և մշակութային ժառանգության տարվա միջոցառումների շրջանակում:
Նպատակն է՝ մշակութային մեկ հարթակում միավորել արդի շրջանի ժողովրդական արհեստները, բարձրացնել դրանց ճանաչելիությունը և նպաստել այդ ժառանգությունը կրող ու փոխանցող անհատների ստեղծագործական առաջխաղացմանը։

14 (1)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտին

14 (1)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 15-րդ նստաշրջանին:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվանումով գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ս. Թադեոս առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողումների առանձնահատուկ երկխոսության վկայությունն է: Այն հատուկ նշանակություն ունի ողջ հայության համար: Ամեն տարի` հուլիս ամիսին, նախանշված օրերին, կազմակերպվում է Թադեոս առաքյալին նվիրված եռօրյա ուխտագնացություն դեպի վանք և բազմաթիվ հայ քրիստոնյաներ Իրանից, Հայաստանից և արտերկրից մասնակցում են այդ ուխտագնացությանը: Տեղի է ունենում պատարագ, մատաղի արարողություններ, մկրտություններ, ժողովրդական երգ ու պար: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենալու հուլիսի 28-30-ը։
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտի գրանցումն արժևորվում է այն հանգամանքով, որ այն ներկայացնում է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

avandakan-nvagaranneri-usucman-cragiry-sharunakvum-e

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը շարունակվում է

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, զուռնա, սրինգ և ժողովրդական-լարային գործիքներ՝ սանթուր, քանոն, քամանչա, ուդ:

Հայկական ավանդական նվագարանների պատրաստման գիտելիքները ծրագրի մասնակիցներին փոխանցում են վարպետ-նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ Սադոևները: Դասընթացները անց են կացվում վարպետների արհեստանոցներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ ճանաչված վարպետ-նվագարանագործների կուտակած բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցել երաժշտական դպրոցների ժողովրդական նվագարանների դասարաններիում սովորողներին: Առաջնային խնդիրը աշակերտներին հայկական փողային և լարային նվագարանների պատրաստման նախնական հմտություններ տալն է:

Հայկական_ասեղնագործության_ուսուցում_Հովհ_Թումանյանի_թանգարանում featured

Հայկական ասեղնագործության ուսուցում Հովհ. Թումանյանի թանգարանում

Հայկական_ասեղնագործության_ուսուցում_Հովհ_Թումանյանի_թանգարանում

Հովհ. Թումանյանի թանգարանը «ԶԱՐԴ» մշակութային ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկել է հայկական ասեղնագործության ուսուցման խմբակը, որտեղ ուսանողները, աշակերտներն ու տնային տնտեսուհիները, տարբեր մասնագիտությամբ հայուհիներ հնարավորություն ունեն լավագույն վարպետների օգնությամբ բացահայտելու եւ տիրապետելու ասեղի ու թելի խորհրդավոր գաղտնիքներին։
Դասընթացն անցկացվում է Հովհ. Թումանյանի թանգարանում:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010560021 հեռախոսահամարով։

Փայտարվեստի անվճար դասընթացներ

Փայտարվեստի անվճար դասընթացներ՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար /Երևան և Վայոց Ձոր/

Ժողովրդական արվեստների թանգարանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի դպրոցում՝ Ինքնության դարբնոցում, իրականացնում է փայտարվեստի անվճար դասընթացներ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն փայտամշակման, փայտի գեղարվեստական փորագրության գիտելիքներ և գործնական հմտություններ։
Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս /շաբաթական 2 անգամ/։
Երևանում դասերն անցկացվում են թանգարանի փայտարվեստի ցուցասրահում /ք․ Երևան, Պարոնյան 4/՝ անմիջապես ոլորտի լավագույն աշխատանքների միջավայրում։ Առկա է նաև թեքահարթակ։
Լավ արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին թանգարանը կաջակցի՝ շուկայում իրացնելու իրենց ստեղծած փայտե աշխատանքները։
Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն օգտակար հանդիպումներ և քննարկումներ՝ տարբեր մասնագետների հետ։
Ցանկության դեպքում ծրագրին կարող են մասնակցել նաև զինծառայողի ընտանիքի անդամները /դասավանդվում են փայտարվեստ, ասեղնագործություն, կարպետագործություն/։
️Դասընթացի մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների համար թանգարանը կկազմակերպի անվճար էքսկուրսիաներ թանգարանում /ք․ Երևան, Աբովյան 64/։
Ծրագրի ավարտին տեղի կունենա ամփոփիչ ցուցահանդես։

Ծրագրին մասնակցելու համար զանգահարել 077124035։
Տեղերը սահմանափակ են։

️Ժողովրդական արվեստների թանգարանն արդեն երկրորդ տարին է իրականացնում այս սոցիալական կրթամշակութային ծրագիրը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, սոցիալական աջակցության կենտրոններում խնամք ստացող երեխաների և ծերերի համար։

The-presentation-of-the-new-database-of-intangible-cultural-heritage-of-the-Republic-of-Armenia-will-take-place

Տեղի կունենա ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը

Ապրիլի 7-ին, ժամը 18։30-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի հետ կապված խնդիրները, քանի որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է: Դեռ 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Ներկայում թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանը կներկայացնի www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի կունենա մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

«Տիկնիկների_կոլաժ»_տիկնիկային_ներկայացում

«Տիկնիկների կոլաժ» տիկնիկային ներկայացում

Ապրիլի 30-ին, ժամը 17։00-ին նկարիչ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնը կհյուրընկալվի Փարաջանովի թանգարանում՝ ցուցադրելու «Տիկնիկների կոլաժ»  ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը «կտեղափոխվի» հին Թիֆլիս, կշփվի ուրախ կինտոների, Փարաջանովի հարևան մադամ Ժերմենի հետ: Կլինեն նաև Շառլ Ազնավուրը, քոչարի պարողները ու էլի շատ կերպարներ: Նրանք բոլորը կհամախմբվեն ու կփորձեն կտրել ձեզ իրականությունից, իսկ հեքիաթի վերջում երեք խնձորի փոխարեն մի մեծ նուռ կընկնի։
Մուտքն ազատ է:

cucahandes-drvagner-inqnutyan-zard

Ցուցահանդես «Դրվագներ ինքնության. զարդ»

Ապրիլի 7-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով:

Ցուցահանդեսում ներառված են լինելու Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս ազգային գեղագիտական ընկալումները, զգացողությունը, ճաշակն ու ոճը:

Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերը ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել տարբեր երկրներում, և որ ամենակարևորն է՝ ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին: