Հուլիսի 19-ին «ZipWine» զբոսաշրջային համալիրի տարածքում Թագպարը ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հետ համատեղ անցկացրեց «Թագպարն ու Հայ ազգային նվագարանները» միջոցառումը, որտեղ ներկայացրեց հայկական ազգային նվագարանները և կատարեց ավանդական ստեղծագործություններ, այնուհետև տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Պարատոնը», որը վարեց Մանուկ Հարությունյանը:
Հուլիսի 16-ին «Բարձունք» գիտակրթական կենտրոնը բոլորին հրավիրել էր Արագածոտնի Ագարակ գյուղ։ Համահայկական, համաժողովրդական տոնախմբություն տեղի ունեցավ՝ Վարդավառ տոնին նվիրված։ Մասնակիցները հնարավորություն ունեցան իրապես ծանոթանալ տոնի նշանակությանն ու խորհրդին․ ազգային երգ ու պար, ազգային խաղեր, Խնդումի ծես և այլն։ Այս ամենը իրականություն դարձավ «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի օգնությամբ։
Հուլիսի 7-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության՝ հայկական ժողովրդական երգերի հերթական բաց դասը։ Այս անգամ մասնակիցները Վարդավառի երգեր երգեցին՝ «Ակներ» ավանդական երգի-պարի խմբի հետ միասին (գեղարվեստական ղեկավար`Աննա Երիցյան)։
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը» (Կոմիտաս): Բարձր Հայքում բնակվող կարնեցու ինքնությունը ձևավորող առանձնահատկությունները՝ տեղի ազգաբնակչության պատմությունը, հավատալիքները, տեղանքի աշխարհագրությունը, գաղտնագրված են տարածաշրջանին հատուկ պարերում: «Կաքավագիր» ակումբն իր «Պարահեն ինքնություն» նախագծի շրջանակում հանձն է առել Կարնո շրջանի համապարփակ ուսումնասիրությամբ ներկայացնել պարի բնորոշիչ դերը ազգային բնութագրի, ինքնաճանաչման և տարածաշրջանային առանձնահատկությունների ընդգծման մեջ: Հուլիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Պարահեն ինքնություն» դասախոսությունը և բաց դասը։ Կծանոթանաք Բարձր Հայքի Կարնո շրջանի բազմակողմանի ուսումնասիրությանը և Կարնո պարերին ու պարերգերին, նաև կբացահայտեք, թե ինչպես է կարնեցի հայի ինքնությունն արտահայտվել իր պարերում և պարերգերում: Միջոցառման ընթացքում կլինի ուսումնասիրությունն ամփոփող գրքույկի շնորհանդեսը և կհրապարակվեն Կարնո պարերի կաքավագրերը, որոնք գրառվել են շարժումների գրառման` 1940-ականներին Սրբուհի Լիսիցյանի ստեղծած համակարգով:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Հատուկ միջոցառումների սրահում հունիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումը՝ նվիրված Սրբուհի Լիսիցյանի ծննդյան 130-ամյակին: Բանախոսությամբ հանդես կգա ազգագրական պարերի մասնագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: «ՀԱՅՈՑ ՊԱՐԻ ԽԱԶԱԳԻՐԸ» խորագիրը կրող բանախոսության ընթացքում պարոն Գինոսյանը կանդրադառնա հայ ազգագրագետ, արվեստաբան, պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիր, «հայկական պարի Կոմիտաս»` Սրբուհի Լիսիցյանին: Միջոցառման մասնակիցներին նաև հնարավորություն կընձեռվի վայելելու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի պարային կատարումներից, որոնք վերականգնվել և պահպանվել են Սրբուհի Լիսիցյանի գրառումների շնորհիվ: Մուտքն ազատ է: Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32 հեռախոսահամարով:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն չՊԱՏՄՎԱԾ պատմություններ ծրագրի շրջանակներում, համագործակցելով մարզի արվեստի դպրոցների հետ, Գեղարքունիքի մարզից հավաքագրված հեքիաթների, ավանդազրույցների թեմաներով անցկացնում է նկարչական մանկապատանեկան փառատոն` «չՊԱՏՄՎԱԾ պատմություններ» խորագրով: Ցուցահանդեսին կներկայացվեն մոտ 30 աշխատանքներ` Սևանի, Գավառի, Սարուխանի, Վարդենիսի ու Ճամբարակի արվեստի դպրոցների սաների աշխատանքները` կատարված հավաքագրված բանահյուսական նյութի հիման վրա: Ցուցահանդեսից հետո լավագույնների աշխատանքների հեղինակները կստանան դիպլոմներ , իսկ մասնակիցները մասնակցության վկայականներ: Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 29ին , ժամը 12:00-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի նախասրահում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Ժողովրդական արվեստների թանգարանի դպրոցում` «Ինքնության դարբնոցում», վերսկսվել են երկարաժամկետ դասընթացները։ Հենց թանգարանային նմուշների միջավայրում հունիսի 26-ից հնարավորություն ունեք սովորելու ժանեկագործություն։ Դասավանդում է ոլորտի լավագույն մասնագետներից մեկը` ժողովրդական վարպետ Անահիտ Իսունցը, ում աշխատանքները տեղ են գտել թանգարանի մշտական ցուցադրությունում։ Հաճախականությունը` շաբաթը 2 անգամ /չորեքշաբթի, կիրակի/։ Յուրաքանչյուր դասի տևողությունը` 2 ժամ։ Դասընթացի ժամերը քննարկվում են գրանցված մասնակիցների հետ (թանգարանը բաց է 10։00-ից մինչև 20։00-ն)։ Տարիքային խումբը` 15-ից բարձր։ Դասընթացների ամսական արժեքը` 20.000 դրամ /ժանեկագործություն ասեղով, հելունով, մաքոքով/ և 25.000 դրամ /ժանեկագործություն գոբենակով/։ Անհրաժեշտ նյութերը տրամադրվում են։ Գրանցման համար զանգահարել՝ 077124035։ Հասցեն` Երևան, Աբովյան 64։
Հունիսի 25-ին Դիլիջանում տեղի ունեցավ «ԴիլիՏՈՆ» փառատոնը։ «ԴիլիՏՈՆ»-ը, լինելով ուրույն սոցիալական հարթակ, նպատակ է հետապնդել հնարավորություն ընձեռել Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներին՝ օգտվել իրենց համայնքի զբոսաշրջային պոտենցիալից և որոշակի եկամուտ ունենալ։ Այս անգամ «ԴիլիՏՈՆ»-ը համաֆինանսավորվում էր «Համայնքի մշակութային կյանքի բարելավմանը և զբաղվածությանն ուղղված նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում, ուստի այս տարի առավել ևս ուշադրության կենտրոնում էին Դիլիջան խոշորացված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, Արցախի տեղահանված բնակիչները։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել ձեռագործ իրերի վարպետաց դասերի, ձեռք բերել տեղական արտադրության հուշանվերներ անմիջապես արտադրողից, մասնակցել տարբեր մրցույթների, երաժշտական համարների և ֆլեշմոբերի։
Հունիսի 22-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Մաքրամե․ գեղարվեստական հանգուցահյուսք» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։ Ձեռնարկի հեղինակը մաքրամեի վարպետ Գեղանուշ Թովմասյանն է։ Սույն ձեռնարկը կօգնի սովորել և խորանալ մաքրամեի ստեղծագործական աշխարհում, տիրապետել գեղարվեստական հանգուցահյուսքի հնարքներին և ստեղծել դեկորատիվ ու կիրառական չկրկնվող աշխատանքներ։ Գրքում զետեղված QR կոդերի միջոցով հնարավորություն կունենաք դիտելու նաև առցանց դասեր։ Ձեռնարկը հրատարակվել է Ժողովրդական արվեստների թանգարանի և «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի աջակցությամբ։