Փետրվարի 6-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի ունեցավ հանդիպում Աթենքի Կապոդիստրիայի անվան համալսարանի դասախոս, երաժշտագետ Լամբրոս Լիավասի մասնակցությամբ, ինչպես նաև «Երկրի շունչը» խորագրով վավերագրական ֆիլմի դիտումը, որը ներկայացնում է Հունաստանի հյուսիսային տարածաշրջաններում պահպանված ժողովրդական ավանդույթներն ու ծեսերը։
Փետրվարի 7-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Համի գաղտնիքը» / “The Secret of Flavour” երկլեզու (հայերեն-անգլերեն) գրքի շնորհանդեսը։
Գիրքը համադրում է փորձված բաղադրատոմսերը և դրանց համապատասխան տեսանյութերը՝ ընթերցողին առաջարկելով ոչ միայն կարդալ, այլև քայլ առ քայլ տեսնել ու կիրառել պատրաստման գործընթացը։ Գրքում ներկայացված են փորձված, պարզ և հասանելի բաղադրատոմսեր՝ ստեղծված իրական խոհանոցում և նախատեսված ընտանիքի համար։ Այն միավորում է հայկական և միջազգային խոհանոցների ուտեստները և կարևորում է որակի և խոհարարական վստահության գաղափարը։
Բարեկենդանի գլխավոր զվարճությունը խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց մասնակցում էին երեխաները, պատանիները, ծերերը, հարս ու աղջիկ, չափահաս կանայք ու տղամարդիկ:
Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Երիտասարդ տղաներն ընդունում էին նաև գայլի, աղվեսի, ուղտի, այծի, արջի, ավանակի, ձիու և այլ երևակայական էակների կերպարներ: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Այս ավանդույթը կենդանի պահելու ու Բարեկենդանի խինդը թանգարան բերելու համար Ժողովրդական արվեստների թանգարանը հրավիրում է «Բարեկենդանի դիմակների պատրաստում» կրթական ծրագրին։
Տևողությունը՝ 2 ժամ, որը ներառում է շրջայց թանգարանում, Բարեկենդանին բնորոշ կենդանական դիմակների պատրաստում, տոնին բնորոշ ժողովրդական երգի ուսուցում՝ «Գացեք տեսեք»։
Փետրվարի 11-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա առանձնահատուկ երեկո՝ նվիրված մեծանուն Հայրիկ Մուրադյանի ժառանգությանը և «Հայրիկն ու Աղվեսիկը» գրքի լույսընծայմանը։ Գիրքը ստեղծվել է «Աղվեսիկ» ծրագրի շրջանակում և իր տեսակի մեջ բացառիկ է։ Այնտեղ կգտնեք. 10 հրաշապատումներ (հայերեն և անգլերեն)՝ հյուսված Հայրիկ Մուրադյանի փոխանցած երգերի շուրջ, երգերի բառերը, թարգմանությունները և նոտաները, QR կոդեր, որոնցով կարող եք լսել մեր մշակումներն ու դրանց կարաոկե տարբերակները։ Երեկոյի ծրագրում. գրքի շնորհանդես և բանախոսություն Հայրիկ Մուրադյանի մասին, համերգային ծրագիր. փոքրիկները կկատարեն գրքում ներառված սիրված երգերը, երգերի միասնական կատարում։ Վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, «Կանաչ սրահ»։
Դարեր շարունակ ավանդական պարը եղել է հայ մարդու ուղեկիցը, և մեկը մյուսի վրա ազդելով՝ ստեղծել են մի մեծ մշակութային սյուն։ Ավանդական պարը բազմազան է՝ կախված տարածաշրջանից, լանդշաֆտից ու կենցաղային կյանքից։ Ինչպես հայերենը, այնպես էլ պարը անցել է դժվար ճանապարհ ու հասել մեզ։ Հերթը մերն է՝ այն սերունդներին փոխանցելու։ «Վանակն» ավանդական պարի խումբը համալրում է իր շարքերը։ Եթե հետաքրքրված եք ազգային պարով, ցանկանում եք լինել ազգային արժեքները կրողներից և փոխանցողներից մեկը, ծանոթանալ հայկական ավանդական պարերի պատմությանը և դառնալ դրա մի մասը, ապա շտապեք միանալ։ Պարուսույց՝ Անդրանիկ Բաղդասարյան։ Պարապմունքները անցկացվելու են շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի` 19։00-20։30, հինգշաբթի՝ 19։00-20։30, տարիքային շեմ՝ 16+, մեկնարկը՝ փետրվարի 2-ից, ամսավճար` 15.000 դրամ, հասցե՝ Վարդանանց 69։ Գրանցվելու համար կարող եք գրել «Վանակն»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին, զանգահարել 093727690 հեռախոսահամարին։
Հունվարի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ երգչախմբի հավաքագրման առաջին բաց դասը։ Երգուսույց` Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան Դաշնակահար` Մարինա Վարդանյան Պարապմունքների տևողությունը` 6 ամիս Մեկ պարապմունքի արժեքը` 2000 դրամ Տարիքային սահմանափակումներ չկան։
Հունվարի 30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի շրջանակում մասնակիցները աղի բլիթ և փոխինձե գնդեր պատրաստեցին ու համտեսեցին «Էրկանք» ընկերության հետ։ Տեղի ունեցավ նաև թեմատիկ ժողովրդական երգերի ուսուցում և վիկտորինա։
Հունվարի 29-ին «Բարձունք» կենտրոնում տեղի ունեցավ զրույց-քննարկում՝ Վարը Վարենկի եւ Խնկէնիի համագործակցության արդյունքում ծնված Կաղանդի նոր կերպարի շուրջ։
Հունվարի 23-ին «Բարձունք» կենտրոնում տեղի ունեցավ Հասմիկ Բաղրամյանի առաջին գրքի շնորհանդեսը՝ Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի մեկնաբանությունը։ Գիրքը միասին մտածելու ու զրուցելու առիթ է՝ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հեքիաթների, առասպելների ու խորհրդանշանների խորքային շերտերը։ Շնորհանդեսի ընթացքում խոսվեց գրքի գաղափարի, ստեղծման ճանապարհի և Թումանյանի հայտնի բալլադի գաղտնիքների մասին։
Հունվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով հատվածի վերաբացումը: Ցուցահանդեսի շրջանակներում նորովի ներկայացված են հարյուրավոր ցուցանմուշներ պատմական Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններից՝ ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, ուշագրավ վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն, որոնց մի մասն առաջին անգամ է ներկայացվում թանգարանի մշտական ցուցադրությունում։