strasburg

Ստրասբուրգում ստորագրվել է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության» կոնվենցիան

2018 թ. հունվարի 24-ին Ստրասբուրգում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում կողմերը ստորագրել են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ /վերանայված/ կոնվենցիան և մի շարք այլ փաստաթղթեր:

 Եվրոպական խորհրդի կողմից վերոգրյալ կոնվենցիան արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով նախաձեռնվեց այդ կոնվենցիայի վերանայման գործընթացը, ինչի արդյունքում դյուրացվեցին մի շարք պահանաջներ: Մասնավորապես, բազմակողմանի համաարտադրության դեպքում կինոարտադրության մինիմալ անհրաժեշտ ֆինանսական արգելքն իջավ մինչև 10%, իսկ երկկողմ համաարտադրության դեպքում՝ մինչև 5%։
 

Միանալով կոնվենցիային՝ կստեղծվեն նոր հեռանկարներ հայկական ֆիլմարդյունաբերության զարգացման և եվրոպական շուկայում կայուն դիրքեր ունենալու համար:

 Կոնվենցիայի նպատակների անխափան իրագործման համար նախատեսվում է կողմ երկիր մուտք գործելու և կեցության դյուրին ընթացակարգի կիրառում, ինչպես նաև դյուրացվում է համատեղ արտադրության մասնակից մյուս կողմերի տեխնիկական և գեղարվեստական անձնակազմերի մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը:
 

Կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2017 թ. հունվարի 30-ին Ռոտերդամում: Մինչ օրս կոնվենցիան ստորագրել են Բելգիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները /ուժի մեջ է մտել 01/12/2017/, Նորվեգիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Սլովակիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան /ուժի մեջ է մտել 01/10/2017/:

nzdeh

Բուլղարիայում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը

Բուլղարիայի հյուսիս-արևելքում գտնվող Պլիսկա քաղաքի «Կիրիլիցայի տուն» պատմամշակութային համալիրում կտեղադրվի հայ ժողովրդի հերոս Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանը, հայտնում է rusarminfo.ru կայքը: «Տեղադրվելու է մոտ 80 հուշարձան՝ նվիրված տարբեր ժողովուրդների ու երկրների ականավոր գործիչներին: Դրանց շարքում հայ ժողովրդին ներկայացնելու է ականավոր գործիչ և փիլիսոփա Գարեգին Նժդեհը»,-աղբյուրի հետ զրույցում ասել է «Կիրիլիցայի տուն» համալիրի հիմնադիր, գործարար Կարեն Ալեքսանյանը:Նա մանրամասնել է, որ նախորդ շաբաթ այցելել է Հայաստան ու խորհրդակցել մասնագետների հետ, որպեսզի Նժդեհի արձանը պատրաստվի ամենաբարձր մակարդակով: Ալեքսանյանի խոսքով՝ այն կտեղադրվի 2018թ. ամռանից ոչ շուտ: Հայտնի է, որ Նժդեհից բացի համալիրում տեղադրվելու են Պուշկինի, Դոստոևսկու և Եսենինի արձանները:

amenaprkichekexeci

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ՝ ս. թ. հունվարի 17-ին, Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թ. դեկտեմբերին, պետք է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված լինեն:

 

Եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում. կառուցվել է 1860-1873 թվականներին: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ունի մեծ օղակաձև պատուհաններ, իսկ արևմտյան կողմից կցված է զանգակատունը: Եկեղեցու հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը և զանգակատունը քանդվել են: 1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով: Եկեղեցական կառույցը դիմակայել էր 1926 թվականի երկրաշարժին, սակայն անզոր գտնվել՝ 1988 թվականի աղետին: 90-ական թվականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը` եկեղեցու, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած, ինչպես նաև մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի: 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսերը հոգացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

 

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել և տեղադրվել են եկեղեցու խաչերը։ Նոր կառույցի վերականգնման ընթացքում օգտագործվել են նախկին կառույցից պահպանված քարերը: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրակայվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն այս մոնոլիտ կառույցը մի քանի հարյուրամյակ դեռևս կմնա կանգուն:

drosh

ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի առաջին փուլի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթին ներկայացված 16 հայտերից, մրցութային հանձնաժողովն ընտրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի, Կարապետ Փաշյանի և Գայանե Սողոյանի ներկայացրած հայտերը՝ որոշ վերապահումներով:

«Հանձնաժողովն ունի իրավասություն՝ հաղթող կամ թեկնածու ճանաչված հեղինակի հետ բանակցելու որոշակի շտկումների շուրջ»,-ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Մուրադյանի խոսքով, խորհրդանիշի ու կարագախոսի տրամաբանության մեջ պետք է «սինթեզվեն» հերոսամարտերի և պետականության գաղափարները:

Քանդակագործ Դավիթ Մինասյանը ևս «մինիմալիզմի» կողմնակից է: Ըստ նրա, խորհրդանիշը պետք է լինի պարզ, միաժամանակ՝ նորարարական, հետաքրքիր լուծումներով:

Նախնական փուլը հաղթահարած հեղինակների հետ շտկումների շուրջ բանակցություններից հետո կանցկացվի մրցույթի եզրափակիչ փուլը: Հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են դրամական մրցանակներ. գլխավոր՝ 1.500.000 դրամ, երկրորդ՝ 800.000 դրամ, խրախուսական՝ 500.000 դրամ /հարկերը ներառյալ:

qrq-qrqoryan

LA Times-ի ամենատարեց լրագրողը կենսագրական գիրք է գրել Քըրք Քրքորյանի մասին

Փետրվարի մեկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացվի հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին նվիրված կենսագրական գիրքը:

 Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» խորագրով գրքի հեղինակը Los-Angeles Times պարբերականի ամենատարեց լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:
 
Հեղինակը փորձել է ականավոր հային ներկայացնել որպես հակասական անձ՝ հանճար՝ առանց կրթության, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենահավակնոտ բիզնես-խաբեությունների և ունեցած ամենը խաղասեղանին դնելու ռիսկին:

Հիշեցնենք, որ Քրքորյանը մահացել է 2015թ.: Ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտում իր գործունեության համար նրան անվանում էին «Լաս Վեգասի արքա»:
kataroxakan

Կատարողական արվեստի ասպարեզում` Հայաստանը գրանցեց հերթական հաղթանակը

ՀՀ մշակույթի նախարարության և «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի» աջակցությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 15-22-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են «Սուրբ ծննդյան միջազգային 8-րդ օպերային ֆորումը» և օպերային 4-րդ միջազգային մրցույթը:

Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային երիտասարդական ծրագրի մասնակիցներ՝ մեներգիչներ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիաննա Մարտիրոսյանը:

Մրցույթի արդյունքում` 16 երկրների 111 մասնակիցներից «Գլխավոր մրցանակը» շնորհվել է Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանին, իսկ «Լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լևոն Ջավադյանը:

edmon

Ֆրանսահայ ծաղրանկարչի գործերը զարդարել են Paris Match, Vogue, Glamour և PlayBoy ամսագրերի էջերը

Հայազգի Էդմոն Քիրազին համարում են ժամանակակից աշխարհի ամենավառ ծաղրանկարիչը, որի պատկերազարդումները դեռևս 20-րդ դարի կեսերից դարձել են քաղաքականության, հասարակական կյանքի և համոզմունքների անբաժան մասը:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, Քիրազը ծնվել է 1923 թվականին Կահիրեում՝ Թուրքիայից Եգիպտոս հասած Լևոն Քիրազի և Էլիզ Սեթյանի ընտանիքում: Իր առաջին քաղաքական ծաղրանկարները 17 տարեկանում հրատարակել է եգիպտական թերթերում:

1946-ին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ նկատել են երիտասարդ նկարչի տաղանդը: 1950-ականներին արդեն քաղաքական թեմայով նրա ծաղրանկարները հայտնվում էին ֆրանսիական թերթերում, ինչպիսիք են La Bataille-ն, Le Rouge et le Noir-ը, Samedi Soir-ը և Ici Paris-ն:

1960-ականներին ստեղծված պատկերազարդումները, որոնք ներկայացնում էին Փարիզի կանանց բարոյական սկզբունքները, տպագրվել են տարբեր ֆրանսիական հրատարակությունների կողմից, ինչպես օրինակ՝ Paris Match, Vogue, Glamour ամսագրերի, ինչպես նաև Իսպանիայում և Իտալիայում հայտնի թերթերի:

1970-ականներին նրա աշխատանքներից ոգեշնչված՝ PlayBoy ամսագրի երջանկահիշատակ հիմնադիր Հյու Հեֆերնը Քիրազին առաջարկել է հումորային պատմություններ ստեղծել տղամարդկանց ամսագրի համար:

Իր ողջ կարիերայի ընթացքում ֆրանսահայ ծաղրանկարիչը համագործակցել է խոշորագույն գովազդային գործակալությունների հետ, այդ թվում և գերմանական Nivea գերմանական ընկերության արտադրանքների գովազդների համար:

Այսօր էլ Էդմոն Քիրազը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը և վարպետաց դասեր է տալիս Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում:

charles-azn

Ես հույս ունեմ երգել մինչև 100 տարեկան դառնալս. Շառլ Ազնավուր

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան դառնալը։ «Հուսով եմ, տեսնենք…»,- ասել է շանսոնյեն լրագրողին։ 93-ամյա լեգենդար երգիչը հայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, երեխա է դեռ»,- կատակել է շանսոնյեն։ Պարբերականը գրում է, որ Ազնավուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս և դահլիճներ լցնում։ Հիշեցնենք, որ օգոստոսին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի անվանական աստղը: Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան: Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

cicernask

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018 թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.

  • Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ

  • Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)

  • Դասական ժանրում լավագույն ալբոմ

  • Լավագույն համերգային ծրագիր

  • Լավագույն տեսահոլովակ

  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ

  • Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)

  • Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ

  • Լավագույն համերգային ծրագիր

  • Լավագույն տեսահոլովակ

Մասսայական (POP) ժանրում.

  • Լավագույն երգիչ, երգչուհի

  • Լավագույն ռոք խումբ

  • Լավագույն ջազ խումբ կամ կատարող

  • Լավագույն ալբոմ

  • Տարվա հիթ

  • Լավագույն համերգային ծրագիր

  • Լավագույն տեսահոլովակ

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):

Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. դեկտեմբերի 18-ից փետրվարի 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (հասցե` Ամիրյան 26, 3-րդ հարկ, 321 սենյակ):

Տեղեկությունների համար զանգահարել +374 94 973771, էլեկտրոնային հասցե` [email protected]:

russkiy-stil

Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսական ոճ. ազգային ինքնության որոնումներում» խորագրով գիտաական կոնֆերանս

Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսական ոճ. ազգային ինքնության որոնումներում» խորագրով գիտա-գործնական կոնֆերանս․


Ս. թ նոյեմբերի 21-24-ը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, պատմական.գիտությունների թեկնածու Կ. Բազեյանը և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, պատմական.գիտությունների թեկնածու Ս. Պողոսյանը մասնակցել են Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարանի կողմից Մոսկվայում կազմակերպած «XV գիտական ընթերցումներ նվիրված Մ. Վասիլենկոյի հիշատակին» միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին, որը կրում էր «Ռուսական ոճ. ազգային ինքնության որոնումներում» խորագիրը: Կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՊՀ և արտասահմանյան տարբեր երկրների 70 մասնագետներ` պատմաբաններ, արվեստագետներ, վերականգնողներ, անկախ հետազոտողներ և այլ ոլորտի ներկայացուցիչներ: Զեկուցումները վերաբերում էին դեկորատիվ-կիրառական արվեստում և դիզայնում առկա ազգային ավանդույթներին, թանգարանային առարկաների վերականգնման, գեղարվեստական արհեստագործության պահպանման ու զարգացման հարցերին, ինչպես նաև XXI դարում դեկորատիվ արվեստի, նորաձևության ու դիզայնի ցուցադրության և կազմակերպման հիմնախնդիրներին:

Կոնֆերանսին Կ. Բազեյանը ներկայացրել է զեկուցում «Հայկական ժանյակ. ավանդականն ու նորը» թեմայով, իսկ Ս. Պողոսյանը` «Հայկական ավանդական հագուստը որպես դիզայներական պրպտումների և նոր լուծումների աղբյուր» թեմայով, որոնք ուղեկցվել են համապատասխան պատկերագրական նյութի ցուցադրությամբ: Զեկուցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ունկնդիրների շրջանում և նախանշել հետագա համագործակցության ծրագրեր` մասնավորապես ցուցահանդեսների կազմակերպման, կատալոգների հրատարակման և մի շարք այլ ոլորտներում: