Ծաղկազարդը_Եղեգնաձորի_երկրագիտական_թանգարանում

Ծաղկազարդը Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Ծաղկազարդը_Եղեգնաձորի_երկրագիտական_թանգարանում

Ապրիլի 10-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նշվեց Ծաղկազարդի տոնը:
Ծաղկազարդ` գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանում են ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։
Ծաղկազարդի օրը հռչակված է որպես մանուկների օրհնության օր։
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ և այլն։ Ծաղկազարդը նաև եղանակի` գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Պատմության թանգարանում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը

Պատմության_թանգարանում_բացվել_է_«Դրվագներ_ինքնության_Զարդ»_ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը:
Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ:
Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող «Դրվագներ ինքնության» շարքի հերթական մասն է:
Ցուցահանդեսի նպատակն է բացահայտել և ներկայացնել, թե հայերն ինչպես և ինչպիսի զարդեր են կրել, ինչ իմաստ ու նշանակություն են ունեցել դրանք, ինչպես են հայկական զարդերը տարածվել այլ երկրներում և ժամանակակից հայ վարպետների ուշադրությունը հրավիրել ազգային արվեստի ակունքներին:
Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:

Presentation-of-www.int-heritage.am-database

www.int-heritage.am շտեմարանի շնորհանդեսը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի հանրահռչակման նպատակով գործում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջը։ Թանգարանը՝ որպես այս ոլորտը համակարգող պետական կառույց, ՀՀ ԿԳՄՍ նախարարության խորհրդատվական աջակցությամբ հանրությանն է ներկայացրել www.int-heritage.am հասցեում գործող ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նորացված շտեմարանը՝ նոր դիզայներական լուծումներով և համալրված բաժիններով: Շուտով կայքը կթարգմանվի նաև ռուսերեն և անգլերեն: Ապագայում համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է նաև այլ լեզուներով թարգմանություն:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը տեղեկացրել է, որ երիտասարդների շրջանում նախապես հետազոտություն է իրականացվել՝ հասկանալու ոլորտում նրանց հետաքրքրությունների շրջանակը, առկա խնդիրները և կայքի միջոցով դրանց հնարավոր լուծումները. «Հաշվի առնելով ոլորտի՝ վերջին տարիների վերազարթոնքը և երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի և վերարժևորման ակնհայտ միտումները, նոր շտեմարանը ձևավորվել է նոր մոտեցումներով: Այսուհետ այն կունենա իր տարբերանշանը, ժամանակ առ ժամանակ կհամալրվի նոր բաժիններով, պարբերաբար կներկայացնի ոլորտին առնչվող իրադարձություններն ու հայտարարությունները, կմեկտեղվեն ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին վերաբերող գիտական հոդվածները, հրապարակումները, օրենսդրությունը և այլ նյութեր»:

Ներկայացնելով ոչ նյութական մշակութային ժառանգության նոր տարբերանշանը՝ Լուսինե Թորոյանը նշել է, որ դրա համար հիմք է ծառայել գորգանախշը, որը շարունակականության, կենսունակության խորհրդանիշ է: Զարդանախշի գույները ունեն որոշակի իմաստ. հողի գույնը խորհրդանշում է ուժը, կանաչը՝ բնությունը, դեղինը՝ հայ մարդու աշխատասիրությունը:

Նոր շտեմարանի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև մարտի 10-28-ը «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցությամբ իրականացված միջոցառման ամփոփումը, քանի որ այն կարևոր իրադարձություն էր Հայաստանի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ:

ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հայաստանյան պատվիրակությունը փառատոնին մասնակցել է առաջին անգամ և վերադարձել է մեծ հաջողությամբ՝ 12 սրահներում ներկայացնելով հայկական մշակութային ժառանգության տարաբնույթ դրսևորումները, երգն ու պարը, ինչպես նաև ազգային խոհանոցի առանձնահատկություները:

Աստղիկ Մարաբյանը և Լուսինե Թորոյանը շնորհակալագրեր են հանձնել «Շարժայի ժառանգության օրեր փառատոնի» հայաստանյան պատվիրակության մասնակիցներին 2022 թ. «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին Հայաստանի Հանրապետությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար:

Երեկոն ամփոփվել է ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի գեղեցիկ կատարմամբ:

a2fc98dee1b70e5d38cddb0800992d7a

Հայաստանի մասնակցությամբ իրականացված «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնն ավարտվել է

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպված, Արաբական Միացյալ Էմիրություններում մարտի 10-28-ը տեղի ունեցած «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր, մասնակցել է առանձին, ներկայացուցչական տաղավարով։

Փառատոնի կազմակերպիչն էր Շարժայի ժառանգության ինստիտուտը՝ հովանավորությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմի:

«Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին, որին առանձին տաղավարներով այս տարի մասնակցել է ավելի քան 30 երկիր:

Մշակութային օրերի շրջանակում Հայաստանի տաղավարի 12 սրահներում ցուցադրվել են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ (գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն, հայկական տարազ և ուտեստ):

Տարբեր ձևաչափերով (ֆիլմերի ցուցադրություններ, բուկլետներ) ներկայացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները՝ դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, Քոչարին և Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։

Տաղավարին առանձնահատուկ գունագեղություն են հաղորդել և արդի շրջանի հայկական մշակութային ժառանգության կենսունակությունն ընդգծել ավանդական երգի-պարի «Վարք հայոց» խմբի և «Կայթ» նվագախմբի պարերգային ու երաժշտական կատարումները, հայկական խոհանոցի ճանաչված մասնագետներ Սեդրակ Մամուլյանի և Արբի Ղարախանիի պատրաստած ուտեստները, ինչպես նաև խաչքարագործության, փայտագործության, գորգագործության և տիկնիկ պատրաստելու շարունակական վարպետության դասերը: Առանձին հարթակներում ներկայացվել են Հայաստանի մշակութային զբոսաշրջությունն ու բնության ժառանգությունը:

Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ. փառատոնի հիմնական ձեռքբերումներն էին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի բազմաբնույթ մշակութային ժառանգության ներկայացվածությունը և Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, այդ միջազգային հարթակում նոր մշակութային կապերի հաստատումը և միջմշակութային համագործակցության նոր պայմանավորվածությունները:

Դրա վկայությունն էր տեղացիների, զբոսաշրջիկների, այլ երկրների մասնակիցների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց՝ հայկական տաղավար այցելություններն ու բարձր գնահատականը:

Միջոցառման կազմակերպչական աջակիցներն էին ՀՀ արտաքին գործերի և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ 2013 թվականին տեղի է ունեցել Հաղարծինի վանական համալիրի բացման արարողությունը, որը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Գերազանցություն շեյխ, դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:

samovar-xoragrov-inqnaerneri-cucahandes

«Սամովար («Ինքնաեռ»)» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը

Մարտի 23-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Սամովար («Ինքնաեռ»)» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից 2 ցուցանմուշ՝ Նոր Ջուղայի հայ վարպետների ձեռքով պատրաստված  և Ռուսաստանի Տուլա քաղաքի խոշոր գործարանատերեր Բատաշյովների դրոշմով:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի մինչև հունիսի 15-ը:

vonmj-canky-hamalrvel-e

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության ‹‹Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին›› օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին վերաբերող հայտեր ներկայացնելու դեպքում նշյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջները բավարարելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծով՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 45 տարրերից, համալրվում է ևս 6-ով: Դրանք են՝ «Ասեղնագործություն», «Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում», «Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում», «Շիրակի մարզի չեչիլ և հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը», «Քյավառի փախլավայի պատրաստման և կիրառման ավանդույթը», «Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում» արժեքները: Միևնույն որոշմամբ լրամշակվել են նախկինում գրանցված Տերընդեզ և Վարդավառ տոների մասին տեղեկությունները:

Նշյալ ցանկում ընդգրկված արժեքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի՝ 2021 թ. նոյեմբերի 18-ին կայացած նիստում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ կերպով արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

ararcinery-tesafilm

«Արար»-ցիների տեսաֆիլմերը միջազգային մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

«Ժառանգություն» սոցիալ-մշակութային միավորումը Բելառուսի Հանրապետության Մոգիլև քաղաքում կազմակերպել էր «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը: Միջոցառումն ընդգրկված է 2021-2022 թթ. ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության միջոցառումների ծրագրում: Այն նախատեսված էր 14-22 տարեկանների համար և տեղի է ունեցել տարբեր անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ, որոնք ներկայացրել են 48 աշխատանք։

Մրցույթին ուսուցիչներ Թաթուլ Կարապետյանի, Անդրանիկ Հարությունյանի և Նարինե Պողոսյանի գլխավորությամբ մասնակցել են «Արարի» 9 սաներ: «Ժառանգություն» անվանակարգում «Արարը» ներկայացել էր երեք տեսաֆիլմով. երեքն էլ արժանացել են մրցանակի:

1-ին աստիճանի դիպլոմ. «Я – носитель традиций моих предков» (‹‹Ես իմ նախնիների ավանդույթների կրողն եմ›› տեսաֆիլմը պատմում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի կարպետագործության կենտրոնի մասին), «Возрождаю быт предков» (‹‹Վերածնում եմ նախնիների կենցաղը›› տեսաֆիլմը պատմում է Արարատի մարզի Զանգակատուն համայնքում գործող ‹‹ԱՐԱՐ››-ի խեցեգործության կենտրոնի մասին),

2-րդ աստիճանի դիպլոմ. «Я возвращаюсь к истокам нашей письменности» (‹‹Ես վերադառնում եմ մեր դպրության ակունքներին›› տեսաֆիլմը պատմում է Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Արարի» մանրանկարչության կենտրոնի մասին):

Դիպլոմների հանձնման արարողությունը տեղի է ունեցել «ՌՈՒՍԿԻ ԴՈՄ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում:

«Արարի» հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մրցույթն այն լավագույն առիթներից է, որի շնորհիվ աշխարհին կարող ենք պատմել Հայաստանի մշակույթի և նրա շարունակականության ապահովման մասին:

sharjayi-jarangutyan-orer

Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։

Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն և հայկական տարազ:

Փառատոնի մեկնարկին հայկական տաղավար է այցելել Շարժայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը՝ Նորին Գերազանցություն շեյխ Աբդուլլահ բին Սալեմ բին Սուլթան Ալ Քասիմիի գլխավորությամբ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը պատվիրակությանն առանձին սրահներում հանգամանորեն ներկայացրել է հայ մշակութային ժառանգությունը: Հայկական տաղավար են այցելել նաև ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար Կարեն Գրիգորյանը և ԱՄԷ-ի ու Կատարի թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) գործուղված հայկական պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Փառատոնը կտևի մինչև մարտի 28-ը: Մինչ այդ՝ մշակութային օրերի ընթացքում, հանդես կգան հայկական երգի ու պարի, ինչպես նաև նվագարանային անսամբլներ՝ հնչեցնելով հայկական ավանդական մեղեդիներ և հանդես գալով հայկական պարերի ու երգերի կատարումներով։ Միջոցառման իրականացումը կնպաստի հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ ի նպաստ հայ-արաբական բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ դեռևս 2013 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ հիմնանորոգվել է Հաղարծնի վանքը:

sharjayi-jarangutyan-orer

Հայաստանը՝ Շարժայի ժառանգության Օրեր Փառատոնի Պատվավոր Հյուր

2022 թ․ մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում անցկացվող «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնին Հայաստանը մասնակցում է որպես պատվավոր հյուր։

Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից 2003 թ․-ից անցկացվող հեղինակավոր այս փառատոնին մասնակցում են աշխարհի ավելի քան 30 երկրներ։ Հայաստանն այս տարի փառատոնին մասնակցում է առաջին անգամ:

«Շարժայի ժառանգության օրեր» փառատոնը համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրվում է որպես պատվավոր հյուր, և տվյալ երկրի մշակութային ժառանգությունը լինում է փառատոնի առանցքում։

Հայաստանը, որպես պատվավոր հյուր,  հանդես է գալիս առանձին մեծ տաղավարով, որի 12 սրահներում տասնինը օր շարունակ կներկայացվի հայկական մշակութային ժառանգությունը` ձեռագրարվեստ, մանրանկարչություն, ժողովրդական արհեստներ (գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտարվեստ, խաչքարագործություն, խեցեգործություն, տիկնիկագործություն), հայկական տարազ («Տերյան մշակութային կենտրոնի» կողմից): Հայաստանի ժողովրդական վարպետները կանցկացնեն նաև տարբեր արհեստների վարպետության դասեր։ Փառատոնի ընթացքում կհնչեն հայկական մեղեդիներ, կլինեն հայ ժողովրդական պարերի կատարումներ․ հայկական պատվիրակության կազմում են «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը և «Կայթ» բենդը։ Կներկայացվեն Հայաստանի մշակութային զբոսաշրջությունը, բնության ժառանգությունը, նորարարական տեխնոլոգիաները։ Տեսաֆիլմերի միջոցով շարունակաբար կներկայացվեն նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները (դուդուկը, խաչքարը, «Սասունցի Դավիթ» էպոսը, լավաշը, քոչարին, Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը)։ Փառատոնի շրջանակում կգործի հայկական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կներկայացվի հայկական ավանդական խոհանոցը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-կողմից:

Միջոցառումն իրականացնում և համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ։ Ժողովրդական արվեստների թանգարանը պատիվ ունի փառատոնի հայկական տաղավարում ներկայացնելու հայ ժողովրդական արվեստն ու ավանդույթները, ինչպես նաև ցուցահանդես-վաճառքի համար նախատեսված՝ հայ ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքը։

Սա լավ հնարավորություն է՝ ինչպես հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման, այնպես էլ նոր համագործակցությունների և մշակութային երկխոսության ամրապնդման ու զարգացման համար։

arari-nor-kentron

ԱՐԱՐ-ի նոր կենտրոնի բացումը Դսեղում

Լոռու մարզի  Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության կենտրոնի բացումը։

Այն նշանավորվեց սաների առաջին կարպետների հենքի արարումով,  որին ներկա էին «ԱՐԱՐ» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, «ԱՐԱՐ»-ի բարեկամ-բարերար Արման Սահակյանը, Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը, Դսեղ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Հովսեփյանը, գյուղի բնակիչներն ու Երևանից ժամանած այլ հյուրեր:

Դսեղի «ԱՐԱՐ» կենտրոնում դասավանդում է ոլորտի լավագույն տեղաբնակ մասնագետներից մեկը`  Փիրուզ Գևորգյանը:

«ԱՐԱՐ»-ի նպատակն է՝ երիտասարդ սերնդին տեսական և գործնական գիտելիքներ փոխանցելու  միջոցով, ապահովել   ոչ նյութական մշակութային ժառանգության  տարածումը, զարգացումը, հանրահռչակումն  ու  ժողովրդական ստեղծագործության  կենսունակության ապահովումը ՀՀ ողջ տարածքում: 

«ԱՐԱՐ»  կենտրոններ են գործում ՀՀ 8 մարզի 38 համայնքում, որոնցում ներգրավված է շուրջ 800 երեխա և պատանի:

Դասընթացներն անվճար են, ինչպես նաև բոլոր  անհրաժեշտ  նյութերն ու  պարագաները:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: