banaxosutyun-joxovrdakan-arvestneri-tangaranum

Բանախոսություն Ժողովրդական արվեստների թանգարանում՝ նվիրված անվանի ազգագրագետ Սերիկ Դավթյանին

Փետրվարի 18-ին, ժամը 19։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ նվիրված անվանի արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի (1893-1978) հիշատակին. բանախոս՝ պատմաբան, Սերիկ Դավթյանի կենսագիր Մերի Քեշիշյան:

Սերիկ Դավթյանն ապրել է դժվար, բայց հետաքրքիր կյանք, որը չգրված վեպի էր նման, անհատնում ժանյակի։ Երախտաշատ գիտնականը, ինքն էլ լինելով ստեղծագործող վարպետ, տարիներ շարունակ մեծ ջանասիրությամբ, մասունք առ մասունք հավաքել ու կորստից փրկել է հայ կիրառական արվեստի նմուշներ (գորգեր, կարպետներ, ասեղնագործություններ, ձեռագործ տարբեր աշխատանքներ):

Մեծ է եղել Սերիկ Դավթյանի անվանի մտերիմների շրջանակը. նրանցից շատերի հետ ամուր բարեկամությունը պահել է ողջ կյանքի ընթացքում: Հետաքրքրական է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի և ակադեմիկոս Նորայր Սիսակյանի հետ ունեցած բարեկամությունը, որոնց ճանաչել է պատանեկան տարիքից: Նրանցից յուրաքանչյուրի հետ կապված է նաև մեկ ձեռագործի հետաքրքիր պատմություն, որոնց մասին ևս կխոսվի դասախոսության ընթացքում:

Դասախոսության մուտքն անվճար է:

ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

gyumri

ՀՀ Մշակութային Տարածքների Ցանկ

taracqayin-cank-cover

1. Արենի, գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում (նախկինում` Արփա)

Արենիում հայտնաբերված հնագիտական նյութերը` գինու արտադրա­մա­սերն ու խաղողի մնացորդները, ինչպես նաև այն, որ տեղի բնակչությունը շարունակում է զբաղվել գինեգործությամբ, հիմք են տալիս Արենին դիտար­կել որպես գինեգործական մշակույթի ավանդական տարածք: Հայտնաբերված գինու արտադրամասն աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին գինեգործարանն է, թվագրվում է Ք. ա. 4000 թթ. սահմաններում: Գյուղում գինեգործությունն այսօր էլ ոչ նյութական մշակութային ժառանգության գերիշխող բնագավառ է, որը ոչ միայն կենսունակ է, այլև զարգացման միտումներ է դրսևորում: Արենիում ստեղծվել են յուրատեսակ գինեգործական տնտեսություններ` տնական և գործարանային: Գինեգործության գործում ներգրավված է գյուղի ամբողջ բնակչությունը: Գինին պատրաստում են բացառապես խաղողի «Արենի» տեսակից, որի ողկույզն արտաքինից նման է ոչխարի գլխի: Քաղցրությունը (սպիրտի) 19-23 տոկոս է: Հատկապես միջազգային ճանաչում են ձեռք բերել Արենի գինու նոր տեսակ­ները` «Արենի Մառանը» և «Արենի Գեդեոնը»: Գյուղում գործում է նաև երկու գինու գործարան:

Արենի գյուղի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 28 հուշարձաններ` հնավայրեր, ավերված գյուղատեղիներ, խաչքարեր, քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները, ինչպես նաև Նորավանքի վանական համալիրը: Նախկին Արենի բնակատեղին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին:

Արենի գյուղը (վարչական տա­րածք) 980 մ բարձր է ծովի մակար­դակից: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի 543 տնային տնտե­սություն, 2006 բնակիչ: Կլիման ցամա­քային է, հողատարածքը գրեթե ամբողջությամբ ոռոգվում է գետից հանված ջրով: Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, դաշտա­վարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություն­ներից են խաղողագործությունը և գինեգործությունը:

2. Գյումրի, քաղաք ՀՀ Շիրակի մարզում (նախկինում՝ Կումայրի, Ալեք­սանդրապոլ, Լենինա­կան)

Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները` մետաղամշակությունը` ներառյալ գեղարվեստական, փայտամշակությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, ասեղնագործությունը, ժանեկագործությունը, միակն է, որտեղ մինչ այսօր կիրառվում է պղնձագործությունը: Հատկապես մեծ համբավ է ձեռք բերել մուշարբայագործությունը (կլկլան բաժակի պատրաստումը): Մուշուրբան կամ «կլկլանն» այսօր Գյումրու խորհրդանիշներից մեկն է: Պղնձից, լատունից, ար­ծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակի ձայնային էֆեկտի` կլկլոցի գաղտնիքը հայտնի է միայն գյումրեցի վարպետներին: Արհեստագործության ներկա վիճակը և դրանցից շատերի ցուցաբերած զարգացման միտումները հիմք են Գյումրին որպես ավանդա­կան արհեստագործության տարածք դիտարկելու համար:

Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվում էր Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմում էր ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտա­շությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն: Հատկապես արվեստի մակարդակի էր բարձրացված գեղար­վեստական մետաղամշակությունն ու քարի փորագրությունը: Գործում էին գարեջրի, օճառի և կաշվի ձեռնարկություններ: Խորհրդային կարգերի հաս­տատումից հետո էլ արհեստագործների մեծ մասը շարունակում էր զբաղվել իր գործով: Սա բխում էր արհեստների մեծ մասի բնույթից, քանի որ դրանց համար արհեստանոցի առկայությունն անհրաժեշտություն չէր (ի սկզբանե շրջիկ արհեստներ էին):

Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հա­զարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնա­բերված նյութական մշակույթի հարուստ մնացորդներով և այլ արժեքավոր նյութերով: Գտնվել են բրոնզե իրեր (Ք. ա. 3-րդ հազարամյակ), երկաթե ապա­րանջաններ և դանակներ (Ք. ա. 10-9-րդ դդ.), ուշ բրոնզե և վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր (Ք. ա. 10-9-րդ դդ.), բրոնզե զարդեր, կացին, կավե և քարե իրեր, դամ­բարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սև, փայլեցված, ինչպես և կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ և այլն:

Ներկայումս Գյումրի քաղաքի տարածքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 1023 հուշարձաններ` XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշ­տամունքային և այլ նշանակության շենքեր ու շինություններ:

Գյումրին (բնակավայր) մեծու­թյամբ Հայաստանի երկրորդ քա­ղաքն է, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կի­լո­մետր հեռավորության վրա, Շի­րակի բարձրավանդակի կենտրո­նա­կան մասում, ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում։

Ըստ 2001 թ. անկացված մարդա­համարի պաշտոնական արդյունք­ների` քաղաքում մշտական բնակ­չության թիվը կազմում էր 150.917 մարդ, իսկ առկա բնակչության թիվը` 140.318:

3.Մեղրի քաղաք, Մեղրի համայնք, ՀՀ Սյունիքի մարզ, նախկին անվանումը՝ Արևիք գավառ

Չրագործությունը ավանդաբար եղել և շարունակում է մնալ Մեղրու տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնական բնագավառը, որը գնալով զարգացման նոր միտումներ է դրսևորում: Մերձարևադարձային չոր կլիմայի և աշխարհագրական դիրքի շնորհիվ Մեղրիում աճող բազմատեսակ մրգերն առանձնանում են յուրահատուկ համային հատկանիշներով: Դրանցից պատրաստվող չրերը, հատկապես թուզն ու արքայանարինջը վերամշակումից հետո պատվում են մրգի քաղցրությունից առաջացած բնական շաքարափոշով: Յուրահատուկ համի ու շուկայական տեսքի շնորհիվ Մեղրիում պատրաստված չրերն ամենուրեք մեծ պահանջարկ ունեն: Չրագործությունը եղել ու մնում է Մեղրու բնակիչների ավանդական զբաղմունքներից: Դրանով զբաղվում են տնտեսությունների մեծ մասը: Աշնանը արքայանարնջի 2-3 մետրանոց շարանները վարագույրի նման կախվում են գրեթե բոլոր մեղրեցիների բակերում, իսկ մյուս բոլոր մրգերը  չորացվում են ուռենուց հյուսված սեղանների վրա: Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, զերծ հավելումներից: Ինչպես չրերը, այնպես էլ պատրաստվող բազմատեսակ անուշեղենը՝ ալանան, սուջուխը, մուրաբաները եղել են մեղրեցու ավանդական թեյախմության անբաժանելի մասը: Սպառողների շրջանում մեծ պահանջարկ ունեն 1930 թվականից գործող Մեղրու պահածոների և 1955 թվականից գործող գինու գործարանների արտադրանքները: Տասնամյակներ առաջ ոսկե մեդալի արժանացած «Արևիք», «Մեղրաձոր», «Նեկտարենի» խաղողի գինիներին վերջին տարիներին ավելացել են նռան, մոշի, մուշմուլայի տեսականիները:

Հնամենի Մեղրու տարածքը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող շուրջ 100 հուշարձաններով, որոնց թվում են եկեղեցիներ, պաշտպանական բերդամրոցներ, միաթռիչք կամուրջներ, խաչքարեր, ջրանցույց, ժողովրդական ճարտարապետության եզակի նմուշներ հանդիսացող բնակելի տներ:

Մետաքսի ճանապարհին գտնվող Մեղրին ի վերուստ հայտնի է եղել նաև գրքի, մշակույթի, կրթության պահպանման ու առաջընթացի ապահովման գործընթացներով: 1881 թ. Մեղրիում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ ֆրանսերեն է դասավանդվել: 1882 թ. բացվել է հանրային առաջին գրադարանը, որը ամսագրեր է ստացել Պետերբուրգից : 1901 թ. արտերկրում ուսանող մեղրեցիների ջանքերով Մեղրիում բացվել է Հայաստանում առաջին առևտրի սպառողական կոոպերացիան:

Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրին երկու կողմից սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, իսկ մեկ կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը, որից բաժանվում է Արաքս գետով: Մեղրի համայնքը զբաղեցնում է 664 ք. մ. տարածք, որն իր մեջ ընդգրկում է բնակլիմայական վեց հիմնական գոտիներ՝ անապատ, կիսանապատայինից մինչև լեռնաձնային տարածքներ՝ ծովի մակերևույթից 320-ից մինչև 3735 մ բարձրություն:

Մեղրիով է սկսվում Հայաստանի գարունը: Մեղրի համայնքում են գտնվում Մեղրի և Ագարակ քաղաքները և 11 գյուղական բնակավայրեր: Հնամենի Մեղրի քաղաքը բաղկացած է 2 թաղից՝ Մեծ թաղ և փոքր թաղ: Վերջինս հարուստ է ճարտարա-պետական ինքնատիպ լուծումներ ունեցող ժողովրդական տներով: Մեղրու տները հիմնականում կառուցվել են լեռների ստորոտներում՝ խնայելով բարեբեր հողը: Բնակչությունը զբաղվում է այգեգոր-ծությամբ, անասնապահությամբ, հան-քարդյունաբերությամբ: Մեղրիով է անց-նում Իրան-Հայաստան ավտոմայրուղին:

4. Աշնակ գյուղ, ՀՀ Արագածոտնի մարզ

Աշնակ գյուղը եղել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի խոշոր բնակավայրերից (նախկինում՝ նույնպես Աշնակ): Աշնակը թեև շատ հին պատմություն ունի, սակայն առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ Աշնակը 5-րդ դարում եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Գյուղում կա 4-5-րդ դարերի եկեղեցի, որը նորոգվել է վերջին տարիներին: Գյուղից հարավ գտնվում է մ. թ. ա. 2-1 հազարամյակի ամրոցը: Գյուղի տարածքում պահպանվել են հայոց Արշակ 2-րդ արքայի ամրոց-ամառանոցի բեկորները և բազմաթիվ այլ հնավայրեր: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են:

1918-1920 թթ. Աշնակը վերաբնակեցվել է Մեծ եղեռնից փրկված Արևմտյան Հայաստանի Սասուն գավառի տասնյակ գյուղերի գաղթականներով (հիմնականում Փիրշենք, Մշգեղ, Մկտենք, Ճրթնիկ, Խաբլջոզ, Բալոենք, Հոսնուտ, Տալհոր, Գոմք, Գոշակ, Քաճռենք և այլ բնակավայրերից): Վերաբնակներն իրենց հետ Աշնակ բերեցին Տարոն աշխարհի մշակույթը՝ հատկապես Սասնո և Մշո պարերն ու երգերը, որոնք ստեղծվել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում: Աշնակցիների պարը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ արժեքներից է: 1926 թ. Աշնակում կազմավորվել է «Սասուն» ազգագրական պարախումբը, որի ելույթները 1928 թ. դիտել է Մաքսիմ Գորկին և հիացական արտահայտվել: Աշնակի ազգագրական պարի խումբը 1957 թ. ճանաչվել է Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդական միջազգային փառատոնի հաղթող և արժանացել ոսկե մեդալի:

Աշնակցիները ոչ միայն ավանդական երգ ու պարի, այլև էպոսասացության, բարբառի և ավանդական ուտեստների կրողներն են: Աշնակցի ասացողների պատումները տեղ են գտել «Սասնա Ծռեր» էպոսում: Աշնակցիները խոսում են Սասունի բարբառով և սրբորեն պահպանում էպոսի լեզուն, պատրաստում են Սասունի ճաշատեսակները, պահպանում հայկական ծեսերն ու ավանդույթները:

Աշնակում գործում է Գևորգ Չաուշի տուն-թանգարանը, ուր ամեն տարի մայիսի 27-ին մեծ շուքով նշվում է հայդուկապետ Գևորգ Չաուշի նահատակության օրը:

Գտնվելով նախալեռնային գոտում և ունենալով Արագածի կենարար ջուրը՝ Աշնակում աճում է աշխարհի լավագույն ծիրանը, որի մասին ողջ հայությունը գիտի Գևորգ Էմինի «Աշնակցիների պարը» հայտնի բանաստեղծությունից:

Աշնակ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1420 մ. բարձրության վրա՝ Արագած սարի ստորոտին, մայրաքաղաքից մոտ 60 կմ հեռու: 2016 թ. տվյալներով Աշնակն ունի շուրջ 3000 բնակիչ: Աշնակում են ծնվել մշակույթի և պետական շատ գործիչներ, գիտնականներ, գրողներ: Գյուղը ունի շուրջ 4000 հեկտար հողատարածք, որից 400-ը վարելահող է, 80 հեկտարը՝ տնամերձ, իսկ մնացածը՝ արոտավայրեր: Բնակչութ-յունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ: Աշնակի տնտեսության հեռանկարային ու գերակա ճյուղը ծիրանի մշակությունն է: Գյուղը բարեկարգ է, գազաֆիկացված, ունի ոռոգման և խմելու ջրի նորոգ ցանց:

Աշնակում գործում է ավագ դպրոց, մշակույթի տուն, հանդիսությունների սրահ, բուժկետ և նորակառույց մատուռ:

5. Քաղաք Գորիս, ՀՀ Սյունիքի մարզ

Գորիսի նախկին անվանումներից են՝ Գերյուսի, Գերուսի, Գորայք, Գորես, Գորիս, Հին Կյորես, Կյուրիս, Կորուս, Կորու, Կուրիս, Զանգիզուր, Զանկյազուր, Կյուրյուս: Ենթադրվում է, որ տեղանվան հիմքում ընկած են հնդեվրոպական նախալեզվի գուոռ-«ժայռ» և էս-«լինել» բառերը, այսինքն Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղանք: Քաղաքի տեղում հնագույն ժամանակներից բնակավայր է եղել: Գորիսի մասին հնագույն հիշատակումը գալիս է ուրարտական թագավորության ժամանակաշրջանից: Ռուսա I թագավորը մ.թ.ա. 8-րդ դարում թողել է մի սեպագիր, որտեղ իր նվաճած 23 երկրների մեջ նշում է Գորիսցա երկիրը: Գիտնականները գտնում են, որ դա Գորիսն է: Գորիսում գտնվել է նաև Արտաշես II թագավորի (189-160 մ.թ.ա.) արամերեն արձանագրության սահմանաքար:

Բնակավայրը գոյություն է ունեցել նաև միջին դարերում և գտնվել է ներկայիս Գորիսի արևելյան մասում՝ համանուն գետի ձախ ափին, կոչվել է հին Գորիս և համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակած (13-րդ դար) Գորու և Գորայք գյուղերից մեկին:

Գորիսն առանձնահատուկ է ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներ հանդիսացող բնակելի տներով։ Դարերի ընթացքում տեղացիները հմտացել են քարերը շարելու յուրովի ոճով՝ իրար մեջ ագուցված, ծեփիչով (մալա) քաշել շաղախը և այդպես խճանկարի տեսք տվել պատերին (տեղի բարբառայով «Բարքաշ» ենք ասում)։ Ժողովրդական ճարտարապետության մյուս առանձնահատկությունը Գորիսի երկհարկանի տներին բնորոշ պատշգամբներն են, դարբասներն ու ճաղապատ պատուհանների զարդանախշ հորինվածքները, ինչն էլ իր հերթին յուրահատուկ հմայք է տալիս քաղաքին։ Հայկական ավանդական այնպիսի արհեստների կենցաղավարումը, ինչպիսիք են մետաղագործությունը, բրդի մշակումը, կարպետագործությունը ինքնատիպություն են հաղորդում Գորիս քաղաքին։

Գորիսի մշակութային կառույցներից են` Գուսան Աշոտի անվան մշակութային կենտրոնը, Երկրագիտական թանգարանը, Քաղաքային պատկերասրահը, գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ա. Բակունցի տուն-թանգարանը, Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը, Ս. Խանզադյանի տուն-թանգարանը:

Հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող շուրջ 290 հուշարձաններով, այդ թվում են բնակելի տներ ու բնակելի քարայրներ, եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, արհեստագործական արտադրության վայրեր՝ ձիթհան և բրուտանոց, ջրաղացներ, հին գյուղատեղիներ, քարավանատուն, ամրոց:

Գորիս քաղաքը գտնվում է ծովի մակե­րևույթից 1250-1520 մ բարձրության վրա։ Նոր Գորիս քաղաքը կառուցվել է19-րդ դարի 70-ական թվականներին գերմանացի ճարտարապետի նախագծմամբ։ Նախաձեռնողներն են եղել Մանուչար Բեկ Մելիք-Հյուսեինյանը և ռուս գավառապետ, գեներալ Ստարացկին:  Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը (Կյորես) կամ Գորիս գյուղը՝ քարանձավային բնակավայրերի մի ամբողջ շարք, որը տեղացիներն անվանում են Լաստի Խութ: Քաղաքը հյուսիսից հարավ հատում է Վարարակն գետը: Գետահովտի աջակողմ­յան հատվածում բարձրանում է «Քարե անտառը», որը գտնվում է անտառապատ հովտում և շրջապատված է քարայրների շարքերով։

6. Խաչիկ գյուղ, ՀՀ Վայոց ձորի մարզ

Խաչիկ գյուղը Վայոց ձորում առանձնանում է գյուղի ավանդական տնտեսական զբաղմունքների պահպանվածությամբ: Միակ գյուղն է ողջ տարածաշրջանում և շատ  եզակիներից ամբողջ Հայաստանում, որտեղ դեռևս կարելի է հանդիպել ճախարակով թել մանելուց մինչև գորգը գործելու տեխնոլոգիական ողջ շղթային տիրապետող կրողի: Խաչիկ գյուղում բնակվող Սոնա Մակարյանը այսօր էլ իր տանը պահպանում և բանեցնում է ավանդական սանդերքը, ճախարակը, գորգագործական տորքը և մնացած բոլոր անհրաժեշտ գործիքները: Գյուղում պահպանված են նաև ավանդական հայկական գլխատան նմուշներ, որոնք նույնպես հազվադեպ  հանդիպող մշակութային արժեքներ են ողջ Հայաստանի տարածքում: Պահպանվել է նաև թոնրում ավանդական եղանակով գաթա թխելու սովորույթը: Գյուղը հայտնի է իր գաթայի փառատոնով, որը նշվում է որպես համահայկական միջոցառում, որի ժամանակ թխվում  և ներկաներին է մատուցվում Հայաստանի ամենամեծ գաթան (տրամագիծը շուրջ 2 մետր): Գյուղում պահպանվել են նաև ավանդական հայկական գինեգործության, մրգային օղիների պատրաստման, մեղվապահության, այգեգործության, պանրագործության ավանդույթները:

Խաչիկ գյուղի տարածքում և շրջանակայքում են գտնվում ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 22 հուշարձաններ՝ խաչքարեր, հնավայրեր, հին գյուղատեղիներ, այդ թվում նաև նշանավոր պատմական Ամաղու գյուղատեղին, միջնադարյան եկեղեցիներ ու մատուռներ:

Գտնվել է գյուղի կառուցումը վկայող միջնադարյան արձանագրություն, ինչը փաստում է գյուղի շատ հին լինելը: Այստեղ է գտնվում միջնադարյան նշանավոր վանական համալիրներից մեկը՝ Քարկոփի Սբ. Աստվածածին վանքը՝ կառուցված 910 թվականին: Գյուղից վանք տանող հին ճանապարհով կարելի հասնել նշանավոր Նորավանք վանական համալիր:

Խաչիկ գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 40 կմ դեպի արևմուտք, ծովի մակարդակից 1800-1900 մետր բարձրության վրա գտնվող բարձր լեռնային գոտում: Երեք կողմերից՝ հարավ-արևելյան, հարավային և արևմտյան, սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին:

Տարածքում լավ աճում են ընկույզ, խաղող, խնձոր, սալոր և հացահատիկային մշակույթներ:

Բնակչությունը զբաղվում է հացահա­տիկային, կերային մշակույթների մշակութ­յամբ, այգեգործությամբ և անասնաբու­ծությամբ:

Ներկայում գյուղն ունի մոտ 250 ընտանիք:

7. Վերին Դվին գյուղ ՀՀ Արարատի մարզ

Արարատի մարզում գտնվող Վերին Դվին գյուղը մոտ 200 տարվա պատմություն ունի: Այն հիմնադրվել է 1831 թ.` 1828 թ.  Ռուսաստանի և Իրանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկահայքի Խոյ քաղաքից Արևելյան Հայաստան ներգաղթած ասորի բնակչության կողմից: Ներկայումս Վերին Դվին գյուղի բնակչության կազմը գլխավորապես ասորական է՝ 2700 բնակչից 2000-ն ասորի են, մյուսները՝ հայեր: Շատ են խառն ամուսնությունները: Գյուղի դպրոցում, ընտանիքներում և բնակավայրի ներսում գործող լեզուն գխավորապես ասորերենն է:

Վերին Դվինը համարվում է Հայաստանի ասորի ազգային փոքրամասնության էթնիկ մշակութային նկարագիր ունեցող բնակավայրը: Ասորական մշակույթի դրսևորումներ են համարվում ասորական խոհանոցի առանձնահատուկ կերակատեսակները, տոնակատարությունները, ասորական պարերը, հարսանիքի ծեսի որոշ առանձնահատկություններ, կրոնական ծեսերը, որոշ մասնավոր տոնահանդեսներ: Այստեղ գտնվող Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1828-1840 ընթացքում և կրում է Առաքյալ Մար Թումայի անունը: Գուղում եկեղեցին անվանում են նաև Շառա:  Եկեղեցու քահանան Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևն է՝  ծնունդով Վերին Դվին գյուղից: Սովորել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում, ապա՝ Իրաքում,  որտեղ էլ  քահանա է ձեռնադրվել: Եկեղեցական ժամերգության և ծեսերի լեզուն արամեերենն է, բայց արամեերենը չհասկացող ասորիների համար դրանից եկեղեցի այցելելը պակաս գրավիչ չի դառնում: Եկեղեցի այցելելը ոչ միայն հոգևոր-կրոնական, այլև էթնիկ ինքնահաստատման գործառույթ ունի: Այնուամենայնիվ Մար Թումայի անունը կրող ասորական եկեղեցի այցելում են նաև Վերին Դվինի և հարևանությամբ գտնվող Ներքին Դվին գյուղի հայերը:

Եկեղեցու կողքին, ազգությամբ ասորի Լյուսյա Եդիգարովայի տան բակում, կա նաև «Մարեզ» անունով հայտնի մատուռ-սրբատեղին: Այս մատուռն աշխարհի տարբեր անկյուններից շատ ասորիներ են այցելում, մոմ վառում, աղոթում, հաճախ նաև մի բուռ հող տանում իրենց հետ: Ըստ ավանդության Մարեզը հիմնադրել է Իրաքից Հայաստան ներգաղթած ասորիների մի ընտանիք, որը իր հետ հայրենիքից հող է բերել.  «էդ հողից մի կտոր ընկնում է հենց այստեղ, որտեղ էլ կառուցում են Մարեզը, ինչը նշանակում է Մարիամ Աստվածածին: Ով գալիս է, ինձ ասում է. «Մայրիկ ջան մի կտոր հող տանենք սրբից հետներս»,-ասում է այդ ընտանիքի ժառանգ Լ. Եդիգարովան: Մարեզի տոնակատարության օրը հունիսի 14-ն: Դա համայնքային մեծ տոն է, որին պատրաստվում են համայնքային հանգանակությամբ: Գլխավոր արարողությունը այդ գիշեր երաժշտության տակ մեծ կաթսաներում յուղով, ալյուրով, կաթով և ձվով եփվող հալվան է՝  «մորթուխան»: Գիշերը եփված մորթուխան առավոտյան փոքր չափաբաժիններով  փաթաթում  են լավաշի մեջ ու բաժանում համայնքի բոլոր անդամներին, որը զոհաբերություն՝ «մատաղ» է համարվում:

Վերին Դվինի բնակիչները օրացուցային Նոր տարուց զատ ապրիլի 1-ին նշում են նաև ասորական Նոր տարին, որի ընթացքում ընտանեկան տոնական խնջույքից զատ նաև համայնքային մեծ մատաղ և ազգային երգ ու պարի մեծ ծրագիր է ունենում: Վերին Դվին գյուղում երկու ասորական պարային խմբեր են գործում` մեծահասակների «Նինեվիա» և դպրոցական` «Արբելա»: Տոներին, սովորաբար լուսնի լույսի ու շարականների կատարմամբ ցուլ է մորթվում ու առանց եփելու բաժանվում գյուղացիներին: Վերին Դվին գյուղը էթնիկ մշակույթի պահպանվածության և զարգացման, ինչպես նաև տարբեր մշակույթների դրական սինթեզի լավ օրինակ է: Գյուղի երկու՝ ասորական և հայկական համայնքները միասնական են և բոլոր, նույնիսկ էթնիկ համարվող ծեսերը ընդունվում և կ համահավասար են ատարվում։ Թե ասորիների և թե հայերի համար հավասարապես սիրելի է ասորական «բյուշալան»՝ հայկական թանապուրի մի տարբերակը՝ սպիտակ ճակնդեղի տերևներով, նեխուրով, կանաչ տաքդեղով. «Սա պարտադիր սիրում ենք ունենալ մեր սեղաններին, ասորական օրենք է»,- ասում են Վերին Դվինի բնակիչները:

Վերին Դվինը գտնվում է Արարատ  մարզկենտրոնից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից` 925 մ: Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Գտնվում է հայկական հինավուրց մայրաքաղաք Դվինի մոտ, ոչ հեռու հայաբնակ Ներքին Դվին գյուղից: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային մշակույթների մշակությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղում մշակվող ամենահայտնի բանջարեղենը լոլիկն է, որին հատկացվում է 300 հեկտարից ավելի տարածք: Վերին Դվինում աճեցված լոլիկը հայտնի է իր որակով, որը գնելու համար հարևան հանրապետությունից՝ Վրաստանից Վերին Դվին են հասնում։

ararat

ՀՀ Անհապաղ Պաշտպանության Կարիք Ունեցող ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

anhapax-pashtpanutyun-unecox-arjeqner

ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Ժողովրդական բանահյուսություն
  1. «Կարոս խաչ» վիպերգ /կրոնական վիպերգ/
Ժողովրդական պարարվեստ

2. Լարախաղացություն (փահլեւանի խաղեր) /ծիսական պար/

Ժողովրդական երաժշտարվեստ

3. «Վիճակի երգեր» / ժողովրդական բանահյուսություն, ժողովրդական տոներ/

4. «Ավետիս» /երաժշտա-բանաստեղծական ժանր, ժողովրդական բանահյուսություն/

5. Պարկապզուկ (տիկ) /ժողովրդական նվագարանային արվեստ/

6. Ուդ /ժողովրդական նվագարանային արվեստ/

7. Քամանի եւ քեմանո /ժողովրդական նվագարանային արվեստ/

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

8. «Խաչբուռ» / բնության եւ տնտեսության զարգացման մասին պատկերացումներ, ժողովրդական տոներ/

Ժողովրդական տոներ

9. Բարեկենդան

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

10. Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն

11. Գյումրվա կլկլան (մուշուրբա)

12. Թաղիքագործություն

13. Շուլալ կարպետ

14. Հազարաշեն /ժողովրդական ճարտարապետություն/

Ժողովրդական թատերախաղեր

15. Ստվերների տիկնիկային թատրոն

Ժողովրդական խաղեր

16. Կոխ ըմբշամարտ /մարտախաղ/

17. Ավանդական ձիախաղեր

Ժողովրդական կենսաապահովման մշակույթ

18. Գինու կարասի կիրառման ավանդույթ

Էթնիկ լեզու, բարբառ

19. Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ

ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Բանահյուսություն

1․ «Կարոս խաչ» վիպասք
2․ Կարճևանի բարբառ
3․ Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ

Ժողովրդական երաժշտարվեստ

4․ Վիճակի երգեր
5․ Ժողովրդական ավետիսներ
6․ Պարկապզուկ (տիկ)
7․ Ուդ
8. Քամանի և քեմանո
9. Դափի կատարողական և նվագարանագործական ավանդույթ
10. Սանթուրի կատարողական և նվագարանագործական ավանդույթ
11. Սազի կատարողական և նվագարանագործական ավանդույթ

Ժողովրդական պարարվեստ

12. Մոմերով պար

Ժողովրդական թատերախաղեր

13․ Լարախաղացություն
14․ Ստվերների տիկնիկային թատրոն

Ժողովրդական տոներ

15․ Բարեկենդան

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

16․ Խաչբուռ
17․ «Կաթնավով մատաղ» ծես
18․ «Բուկա բարանե» անձրևաբեր ծես

Ազգային խոհանոց

19․ Ածիկի պատրաստման ավանդույթ
20․ Ամբողջահատիկ ալյուրից և թթխմորից հացի պատրաստման և կիրառման ավանդույթ
21․ Գինու կարասի կիրառման ավանդույթ

Ազգային խաղեր

22․ Կոխ ըմբշամարտ
23․ Ավանդական ձիախաղեր
24․ Յոթը քար
25․ Քարկտիկ

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

26․ Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն
27․ Շուլալ կարպետ
28. Թաղիքագործություն
29. Գյումրվա կլկլան (մուշուրբա)
30. Գյումրիի ատաղձագործություն
31․ Մեղրի համայնքի չաթանագործության ավանդույթ
32․ Գորիս և Սիսիան համայնքների բրուտության ավանդույթ
33․ Հազարաշեն

ՀՀ Անհապաղ Պաշտպանության Կարիք Ունեցող ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 36 -Ն որոշման

Հավելված
ՀՀ Կառավարության 2019 թվականի
Փետրվարի 21-ի  N 130 – Ն որոշման

ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1825 – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
նոյեմբերի 4-ի N 1825 – Ն որոշման

ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2097 – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
նոյեմբերի 30-ի N 2097 – Ն որոշման

karavarutyun

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Գույքագրման և Ցանկերի Մասին

karavarutyan-ej

Հայաստանի Հանրապետությունում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացը մեկնարկել է 2008 թվականին:
2009 թվականին ՀՀ մշակույթի նախարարին կից ստեղծվել է ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդ, որը համագործակցելով ոլորտի գիտական, կրթական կազմակերպությունների հետ՝ մշակել է և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման համար համապատասխան չափորոշիչներ։
Գույքագրման արդյունքում ստեղծվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ոչ նյութական մշակութային ժառանգության 3 պետական ցանկեր, որոնք ենթակա են պարբերական համալրման: Ցանկերը կազմված են ըստ տարրի կենսունակ լինելու, անհապաղ պաշտպանության կարիք ունենալու և մշակութային տարածքների գույքագրման սկզբունքի:
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի համալրումն իրականացվում է ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի  3-ի «Ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը ու ոչ նյութական մշակութային արժեքի վկայագրի ձևը հաստատելու մասին» N 1173-Ն որոշմամբ: Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում ներառված տեղեկատվությունը թարմացնելու, փոփոխություններ կատարելու, նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ թելադրված՝ գույքագրումն իրականացվում է երթուղային պարբերական դիտանցումների միջոցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա զարգացումներով պայմանավորված՝ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ նյութերի տարածումն իրականացվում է տեղեկատու էլեկտրոնային շտեմարանների և կայքէջերի միջոցով և ոչ նյութական մշակութային արժեքների հաշվառումը՝ էլեկտրոնային գրանցմամբ:
Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը:

Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման

xachqar-cover

Նամականիշեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ՈՆՄԺ Ցանկերում Գրանցված Հայկական ՈՆՄԺ Արժեքների Մասին

xachqar

Նամականիշեր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցված հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների մասին

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» թեմային նվիրված 2 նամականիշերը շրջանառության մեջ են դրվել 2014 թ. դեկտեմբերի 12-ին, տպաքանակը՝ յուրաքանչյուրից 50.000 հատ: Մեկ նամականիշի վրա պատկերված է Մաստարայի խաչքարը (XIII դ.), իսկ մյուս նանականիշը պատկերում է Ուրծի Ամենափրկիչ խաչքարը (1279թ.):

2017 թ. դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվել «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Լավաշ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: Այն ունի 1100 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայկական ազգային հացը՝ լավաշը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է լավաշի պատրաստման ընթացքը:

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հատ

grancvac-arjeqner

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված արժեքներ

grancvac-arjeqner-cover

1. Duduk and its music, Դուդուկն ու նրա երաժշտությունը, 2008 թ.

2. Armenian cross-stones art. Symbolism and craftsmanship of Khachkars, «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», 2010 թ.

3. Performance of the Armenian epic of ‘Daredevils of Sassoun’ or ‘David of Sassoun’, Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները, 2012 թ.

4. Lavash, the preparation, meaning and appearance of traditional bread as an expression of culture in Armenia, Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում,  2014 թ.

5. Kochari, Traditional Group Dance, Քոչարի, ավանդական խմբապար, 2017 թ.

6. Armenian Letter Art and Its Cultural Expressions, Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները, 2019 թ.

7. Pilgrimage to the St. Thaddeus Apostle Monastery, Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը, 2020թ.

8. Tradition of blacksmithing in Gyumri, Գյումրիի դարբնության ավանդույթը, 2023թ․

hamaynq

Համայնք

hamaynq-cover

Համայնքը հողային ընդհանուր սեփականության վրա հիմնված և համապարտ երաշխավորությամբ կապված համատեղ բնակվող գերդաստանների և փոքր ընտանիքների տնտեսական ու սոցիալ-հասարակական ինքնամփոփ ինքնակառավարվող միավորումն է: Այն ներկայացնում է հասարակական կառուցվածքի վարչական ստորին օղակը:
Համայնքը բաղադրվում է կառուցվածքի և գործառույթի:

Կառուցվածք: Ներկայացնում է համայնականների և համայնքի ինքնավարման մարմինների ամբողջություն և ունի 6 բաղադրիչներ.

Համայնքի լիիրավ անդամներ. մշտական բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք ունեցող հարկատու գյուղացիներ, որոնք գրանցված են պաշտոնական կամերալ ցուցակներում:

Համայնքի ոչ լիիրավ անդամներ. ժամանակավոր բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք չունեցող և պաշտոնական կամերալ ցուցակներում չընդգրկված գյուղացիներ:

Համայնական ժողով. Համայնքի ինքնակառավարման գլխավոր մարմին, որը լուծում և կարգավորում է համայնական կյանքի հիմնական խնդիրները: Ունի կազմակերպչական, տնտեսական, հարկման, ներընտանեկան միջամտության և այլ իրավասություններ: Համայնական պաշտոնավարներ (ավանդականում` գյուղապետ, գզիր, գանձապահ, ջրաբաշխ, հարկահավաք, դատավորներ և այլք). Համայնական ժողովով ընտրվող գյուղական ինքնակառավարման վարչական մարմին` գյուղապետի ղեկավարությամբ:

Ավագանի. հասարակական կյանքն ու սովորութային իրավունքները վերահսկող համայնական ժողովներում ձայնի գերակշռություն ունեցող, գյուղում հեղինակություն ու հարգանք վայելող ծերունիների խումբ` համայնական կառավարման համակարգի խորհրդակցական մարմին:

Գյուղական դատարան. համայնքի ժողովով ընտրվող, համայնականների միջև սովորութաիրավական հարաբերությունները կարգավորող, վիճահարույց, բարոյաէթիկական և այլ հարցեր քննող և վճիռ կայացնող վարչական մարմին:


Գործառույթ: Ներառում է համայնական կյանքի տնտեսական և հասարակական բնագավառները և տրոհվում է 7 բաղկացուցիչների.

Տնտեսական-շինարարական գործառույթը ենթադրում է հողաբաշխման, հողօգտագործման (վարելահող, արոտավայր, խոտհարք, անտառներ, այգիներ և այլն), ջրաբաշխման (ոռոգման և խմելու ջրերի), երկրագործական և անասնապահական աշխատանքների կազմակերպման (ժամկետները` սկիզբը, ընթացքը և ավարտը, համայնական հովիվ և դաշտերի գիշերային պահակներ վարձելը), ընչազուրկ ընտանիքներին հողաբաժին հատկացնելու, հողը վարձակալության և վարկով տալու, հարկման, ճանապարհների ու կամուրջների կառուցման և կարգավորման, առուների մաքրման, դպրոցի և եկեղեցու վերանորոգման ու շինարարության, աղքատ ընտանիքների բնակարանների վերանորոգման և այլ խնդիրները:

Պաշտպանողական գործառույթը ենթադրում է համայնքի անդորրն ու անվտանգությունն ապահովելու խնդիրները և համայնքի տարածքի պաշտպանական կառույցների շինարարությունն ու վերանորոգումը:
Բարոյա-վարքագծային գործառույթը ենթադրում է ամուսնաընտանեկան հարաբերությունների նորմերի վերահսկումը (ընտանեկան հավատարմության, դաժան վերաբերմունքի, որբի ու այրու ժառանգական իրավունքի պաշտպանություն, կրոնական հավատափոխության խնդիրներ և այլն):

Տոնա-ծիսական գործառույթը ենթադրում է օրացուցային տոների, ուխտագնացությունների ու հասարակական մատաղների, հիշատակի օրերի կազմակերպումը:

Հասարակական ժամանցի և հյուրընկալման գործառույթը ենթադրում է փահլեվան, աշուղ հրավիրելը, շրջիկ դերասանների խմբերին ընդունելը, համայնքի հյուրերի տեղաբաշխումն ու հյուրասիրությունը:

azgatohm-cover

Ազգատոհմ

azgatohm

Ազգատոհմը ազգի ընդհանուր հիմնադրից սերված, մի քանի սերունդ միավորող, ազգակցական թաղերով բնակվող, տոհմային ընդհանուր սեփականություն ունեցող արյունակիցների խումբն է: Այն տրոհված է երկու բաղկացուցիչների` ձևի և գործառույթի:


Ազգատոհմի ձևերը ևս տրոհվում են երկու բաղադրիչների` գերդաստան և փոքր ընտանիք:
Գերդաստան. ՄAի քանի ամուսնական զույգերից և նրանց երկու, երեք և ավել սերունդներից բաղկացած, մի հարկի տակ համատեղ ապրող բազմանդամ ընտանիք, որն ազգակիցներից բացի ներառում է նաև ոչ արյունակցական կապեր ունեցող անդամների (որդեգիր, տնփեսա, տանու մշակներ և այլն): Ընդհանուր հողային և գույքային սեփականության վրա հիմնված այդ միությունը առանձնանում է կուռ սեռատարիքային կառուցվածքով թե՛ աշխատանքային ողջ գործունեության մեջ, թե՛ ներընտանեկան հարաբերություններում:


Փոքր ընտանիք. բազմանդամ գերդաստանի ստորին օղակ կամ նրանից առանձնացված ինքնուրույն միավոր, որն ունի մասնավոր սեփականություն և անհատական-ընտանեկան աշխատանքի բաժանում:
Գործառույթ. Անկախ ձևից, ընտանիքն ունի կենսապահովման, վերարտադրողական, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանման ու փոխանցման գործառույթներ, որոնք տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Ժառանգական-իրավական գործառույթը ենթադրում է ժառանգական իրավունքների պահպանում և վերահսկում (ընդհանուր և անձնական սեփականություն` շարժական և անշարժ գույք):


Տնտեսական գործառույթը ենթադրում է ներսի և դրսի աշխատանքի սեռա-տարիքային բաժանումը, դաշտամշակության, անասնապահության, այգեգործության և մյուս ճյուղերի հետ կապված աշխտանքների և զբաղմունքների, տնայնագործության կազմակերպումը:


Վերարտադրողական-դաստիարակչական գործառույթը ենթադրում է սերնդաճի ապահովումն ու վերահսկումը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը (աղջիկ-տղա տարբերակմամբ):
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների վերահսկման և կարգավորման գործառույթը ենթադրում է ամուսնական զույգերի ընտրություն, հաս ու չհասի պահպանում (յոթ պորտ), համաձայնություն տալ և ստանալ (գերդաստանի ավագի, տոհմի նահապետի, ծնողների և այլոց), օժիտ պատրաստել և գլխագին որոշել, հարսանիքի կազմակերպում, հասարարակական հացկերույթների կազմակերպումը ամուսնության, մկըրտության, հուղարկավորման և տոների ժամանակ:


Բարոյա-վարքագծային գործառույթները ենթադրում են գերդաստանի և ընտանիքի պատվի խնդիրները, ավագ-կրտսեր, կին-տղամարդ հարաբերությունների կարգավորումը, չխոսկանության և խուսափումների նորմերի պահպանումն ու վերահսկումը:


Հյուրասիրության գործառույթը ենթադրում է հյուրընկալման ավանդական ձևերը (ուտեստ, օթևան և հագուստ տրամադրելը, պատվավոր տեղ հատկացնելը, ոտները լվանալը, ճանապարհ ուղեկցելը և այլն):
Ժամանցի կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին և որոշակի տոներին հասակակից խմբերի սեռա-տարիքային բաժանմամբ հավաքույթներ (օդա կամ սաքու նստելու սովորույթ), որոնք ուղեկցվում են հեքիաթ և ավանդազրույցներ ասելով, նախնիների վարքն ու բարքը հիշելով, աշուղների մրցույթով, երիտասարդների խաղերով, երգով, պարով և այլն:

draciutyun

Դրացիություն

draciutyun-cover

Դրացիները տարածքային մերձակայության վրա հիմնված անմիջական կամ ոչ անմիջական հարևանությամբ ապրող ոչ ազգակից բնակիչներն են, որոնց տնտեսական և կենցաղային կապերի շնորհիվ ձևավորվել են ավանդական բարոյախոսական վարքագիծն ու իրար հասնելու փոխօգնության և օժանդակության բազմաթիվ ձևերը: Տրոհվում է երկու բաղկացուցիչների` ձևերի և գործառույթների:


Ձևերը տրոհվում են երեք բաղկացուցիչների` թաղակից, դրկից, հողակից:
Թաղակից. նույն թաղում ոչ անմիջական հարևանությանբ ապրող բնակիչներ:
Դրկից. անմիջական հարևանությամբ ապրող բնակիչներ:
Հողակից. հողաբաժնին (վարելահող, արոտավայր, անտառ և այլն) սահմանակից հարևաններ:
Գործառույթները. տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Կենցաղային գործառույթը ենթադրում է առօրյա-տնտեսական փոխադարձ շփումներ (տալ ու առնել):
Տնտեսական փոխօգնությունը ենթադրում է երկրագործության (հրաքաշ), անասնապահության (համկալ, ընկերություն), շինարարության, շերամապահության, գինեգործության (խաղող ճզմելը), և տնային տնտեսության (կաթնամթերքի մշակության` խաբ, էրիշտա կտրել, քեչա լմել, բուրդ գզել և այլն) տարբեր բնագավառներում ավանդական փոխօգնության ձևեր:


Տոնա-ծիսական առիթով փոխօգնությունը ենթադրում է հարևանների անմիջական մասնակցությունը հարսանիք, կնունք, հուղարկավորում ևն կազմակերպելու աշխատանքներին, նաև` նյութական օժանդակությամբ:
Համատեղ ժամանց կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին հարևանների միջև մտերմիկ շփումներ. խոսք ու զրույց, օդա նստել, թեշիկ մանել, չիբուխ ծխել, զար գցել, լոտո և թուղթ խաղալ, ներկայումս` սուրճ խմել և այլն:


Աղետների դեպքում փոխօգնությունը ենթադրում է հարևանների` միմյանց օժանդակումը հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կարկուտի, անասունների անկման, ծանր հիվանդության, երկունքի, մահվան և այլ դեպքերում:

avandakan-bjshkutyun

Ավանդական Բժշկություն

avandakan-bjshkutyun-cover

Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, խրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում և ծերաբանության հարցերում։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ժողովրդական բժշկությունը առողջության հետ կապված տարբեր մոտեցումներ, գիտելիքներ ու հավատալիքներ, ինչպես նաև բուսական, կենդանական, հանքային ծագում ունեցող դեղորայքային միջոցներ, սպիրիտուալ մանուալ (հոգեկան բժշկության ուղղություն), բուժում և վարժություններ ներառող համալիր է, որն առանձին կամ համակցված ձևով կիրառվում է հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով։

Ժողովրդական բժշկությունն այլ կերպ անվանում են նաև ավանդական, այլընտրանքային, բնական, ոչ օրտոդոքսալ կամ կոմպլեմենտար տերմիններով։ Այն կապված է աշխարհագրական որոշակի տեղանքի հետ և, որպես կանոն, բանավոր ձևով ավանդաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։

«Ավանդական բժշկություն» տերմինը հավաքական է, այն վերաբերում է ինչպես չինական, հնդկական կամ արաբական բժշկությանը, այնպես էլ այլ ժողովուրդների սերնդե սերունդ փոխանցվող բժշկության տարբեր ձևերին։