Hyuxamej-p (1) (1)

«1000 Տարվա Գյուղամեջ» Փառատոն

gyuzamej-cover

1000 Տարվա գյուղամեջ փառատոնը նվիրված է գյուղական կյանքին և ավանդույթներին:

Փառատոնի հյուրերը կարող են դառնալ գյուղական կյանքի մասնակիցը՝ մեկ օր մնալով հյուրընկալող ընտանիքի հետ և հետևելով ընտանիքի կյանքին: Այս ընտաթքում կարող եք ծանոթանալ մեղվապահության և մեղրաքամի գաղտնիքներին,  բրդի մշակման եւ գորգերի պատրաստան գործընթացին, գյուղական կյանքի ավանդույթներին:

Կարող եք նաև պարզապես զբոսնել, վայելել բնությունը և գյուղական կյանքի հանգիստ ընթացքը։

dzmeruk-p

Ձմերուկի Փառատոն

dzmeruk-cover

Ձմերուկի ամենամյա փառատոնը անցկացվում է Երևանի կենտրոնում։ Կազմակերպվում է ձմերուկի հյուրասիրություն, խաղ-մրցույթներ և համերգային ծրագիր։

Փառատոնի մասնակիցները կարող են հերևել ձմերուկի քարվինգի մասնագետների աշխատանքին, ծանոթանալ ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ ձևերին։

Ի՞նչը կարող է լինել ավելի լավ երևանյան շոգ ամառային օրը, եթե ոչ սառն ու քաղցր ձմերուկը։

vardavar-p

«Վարդավառ» միջազգային փառատոն, ԵԱԴ

vardavar-cover

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից 2014 թվականից սկսված ամեն տարի կազմակերպվում է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որի նպատակը երիտասարդությանն ու հանրությանը Վարդավառի ծիսակատարությունների ներկայացումն է, ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Տոնակատարությունն իր մեջ ներառում է Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված գաթայի և գինու հյուրասիրությունը, ազգային երգ ու պար, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերի ավանդույթները ու ձեռագործ աշխատանքները, Վարդավառի շուրջպար և հին հայկական խաղեր:

Փառատոնին առաջկցում են Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը (WostAYN), «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը և այլ կազմակերպություններ:

 

gutan-p

Գութան Փառատոն

gutan-cover

Իրականացվում է 2014 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Մրրո» հայ ազգագրական երգարվեստի կենտրոն

Իրականացման վայրը՝ Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն,

Երևանի քաղաքապետարան

Փառատոնի հիմնական նպատակը հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումն է և մեր ժառանգությունը երիտասարդ սերնդին ավելի ճանաչելի դարձնելը: Այն հնարավորություն է տալիս անդրադառնալ Հայաստանի պատմաաշխարհագրական բոլոր շրջանների ազգային երգերին ու պարերին, որոնք բեմից հանդիսատեսին են ներկայացվում ազգային նվագարանների նվագակցու­թյամբ և թատերականացված ծիսական գործողություններով:

Մասնակցում են «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Նուբար», «Վերադարձ», «Տարոնցիներ», «Մասունք», «Մշո հավքեր» ավանդական երգի-պարի համույթները, «Հայ երգասաններ» ազգային երգի խումբը և այլք: Ցուցադրվում են հատուկ փառատոնի համար ստեղծված տեսաֆիլմեր՝ նվիրված հայ ազգային երգարվեստի, պարարվեստի երախտավորներին:

xorovac-paraton

Խորովածի Համահայկական Փառատոն

xorovac-cover

2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում: Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։ Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի տոնին մասնակցում են հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ռեստորանների և սրճարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ խոհարարներ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ 2017 թվականին կազմակերպիչներն Ախթալան հռչակեցին խորովածի համաշխարհային մայրաքաղաք։

Փառատոնի ծրագրի շրջանակներում անց են կացվում խոհարարական մրցույթներ, պատրաստվում են տարբեր մսամթերքներից խորովածներ, այս ամենը ուղեկցվում է ազգային երգ ու պարով։

ham-p

Էրգրի Համի Հիշողություն

ham-cover

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ

Իրականացման վայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Ծրագրի /Միջոցառման/ համառոտ նկարագրություն

Ավանդական դարձած այս փառատոնի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ (Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Ցամաքասար, Թաթուլ, Արտենի, Մաստարա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ համայնքները, Աշտարակ քաղաք, Մուղնի գյուղ) ներկայացնում են ազգային ուտեստներով լի սեղաններ: Զուգահեռ ցուցադրվում են ոչ միայն ներկա, այլև անցյալի՝ Արևմտյան Հայաստանի բնակավայրերին բնորոշ կերակրատեսակներ, այդ թվում՝ Սասուն, Մուշ, Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ, Խոյի Սալմաստ գավառ, Ցրոնք, Շենիկ տարածքների խոհանոցային մշակույթը և առանձին կերակրատեսակների պատրաստման ընթացքը:

Այս փառատոնի իրականացումը նպաստում է հասարակության տեղեկացվածությանն ավանդական խոհանոցում մթերքների մշակման, պահպանման, համեմունքների համադրման, կերակրատեսակների պատրաստման, դրանց տոնածիսական նշանակության վերաբերյալ:

tutp

Թթի Փառատոն

tut-cover

Թթի փառատոնը ամեն տարի տեղի է ունենում Քարահունջ գյուղում, որտեղ այցելուները մասնակցում են օղու պատրաստման գործընթացի ամեն քայլին՝ սկսած թթի հավաքումից մինչև օղու թորում։

Թթի օղու թորման արարողությանը մասնակցելուց և թորումը սովորելուց հետո այցելուները հայկական երգերի և պարերի ներքո համտեսում են ավանդական ուտեստները։

xachmeruk-o

Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում

xachmeruk-cover

Իրականացվում է՝ 2012 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված մշակութային միջոցառումների շարքում: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ազգային կատարողական արվեստը, այլև ունենալով միջազգային ձևաչափ՝ ապահովում է այլ ժողովուրդների ֆոլկլորային արվեստին հաղորդակցվելու մատչելիություն և նպաստում միջմշակութային երկխոսությանը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին հայաստանյան խմբերի հետ մեկտեղ մասնակցում են արտերկրի ազգագրական երգի և պարի խմբեր: 

taxiq-p

Թաղիքի Փառատոն Գավառում

taxiq-cover

Գորգեր, հագուստ, աքսեսուարներ, տիկնիկներ ու այլ իրեր՝ պատրաստված թաղիքից` մամլված բրդից:

Փառատոնի ընթացքում բրդե տիկնիկներ են պատրաստում։

«Թաղիքագործության խմբակին 3 ժամ հաճույքով մնում ենք դպրոցում»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Էլենն ու ընկերների հետ շարունակում այցելուներին սովորեցնել բրդից տիկնիկներ պատրաստել:

Այդ ընթացքում միջոցառման մասնակիցները սովորում էին  «Քեչին վրեն» պարը, նրանց օգնում էր «Մասունք» ազգային երգի և պարի համույթը:

Փառատոնը նախաձեռնել է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը:Կազմակերպության տնօրեն, թաղիքագործ Լալա Մնեյանի հիշողությունները թաղիքի վերաբերյալ գալիս են դեռ մանկուց, երբ Գավառում բնակվող իր տատիկի և պապիկի տանը հեքիաթներ էր լսում՝ թաղիքից գործած  գորգի` քեչայի վրա նստած:

«Փառատոններն անցկացվում են այն վայերում, որտեղ ամենից շատ են պահպանվել թաղիքագործության ավանդույթները: Առաջին փառատոնը Գավառում տեղի ունեցավ:  Իսկ Լոռիում, օրինակ, շատ քիչ հետքեր կան, բայց աստիճանաբար Հայաստանի բոլոր վայրերում էլ կանցկացվեն միջոցառումներ»:

Տիկին Մնեյանն ասում է, որ ցանկացողների համար թաղիքից պատրաստված իրեր գնելը գուցե ոչ միշտ է հնարավոր, բայց մարդիկ փորձում են օգտվել բնական հումք ունեցող, էկո իրերից: «Վաճառքի համար նախ պետք է ճանաչելի դառնա թաղիքը, մենք այդ խնդիրն ունենք»:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ «Ավանդության ոգին» նորաձևության ցուցադրությունը: Զգեստների մի մասի հեղինակ, թաղիքագործ-դիզայներ Նունե Չուխաջյանը մասնագիտությամբ բժիշկ է և արդեն 3 տարի է՝ բժշկությունն ու թաղիքագործությունը համատեղում է․

«Պատահական համացանցում հոլովակ տեսա, ու ինձ շատ հետաքրքրեց: Քանի որ մանկուց կարել եմ, գործել, ինձ համար այս աշխատանքը այդքան դժվար չէր»:

Դիզայների ներկայացրած հագուստները տարբեր տարիների են կարվել. «Օրինակ` այս պայծառ գույներով հագուստը հեղափոխության օրերին եմ պատրաստել` նրանից ոգեշնչված, և հագուստի աշխատանքային անունն էլ «Հաղթանակ» էի դրել»:

Նունե Չուխաջյանի խոսքով՝ եթե մարդ մի անգամ դիպչում  է թաղիքին և ինչ-որ բան ստեղծում, հետո շատ դժվար է լինում հետ կանգնել:

Փառատոնին ներկա էր նաև հունգարացի թաղիքագործ Իշտվան Վիդակը, ով առաջինն է քայլեր արել Եվրոպայի ժամանակակից թաղիքագործության ոլորտում:

Թաղիքագործը բացման արարողության ժամանակ խոսեց հայկական մշակույթի մասին, նշեց՝ հայերը պետք է հպարտ լինեն՝ շատ ասպարեզներում առաջատար լինելու համար, և այդ ոլորտներից մեկը հենց թաղիքագործությունն է:

Իշտվան Վիդակը ոլորտում իր ունեցած փորձի մասին պատմեց «Թաղիքագործության մասին» սեմինարի ընթացքում:

Այցելուների թվում էր նաև երգահան, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը:

«Մենք այն բացառիկ ժողովուրդն ենք, որ պահել է հացի արարման մասին բոլոր երգերը, և թաղիքի պատրաստման մասին նույնպես ունենք երգեր, որոնցից մեկն է պահպանվել»,- ասաց երաժշտագետն ու կատարեց թաղիք ծեծելուն նվիրված երգից մի հատված:

Կազմակերպիչներն ասում են, որ Թաղիքի փառատոն անցկացնելու նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց ճանաչմանը և արդի դրսևորումներին։

Այն նվիրված էր նաև Հայոց ազգագրության ազգային թանգարանի 41-ամյակին: Փառատոնի ողջ ընթացքում թանգարանի բակում ընթանում էր թաղիքե իրերի տոնավաճառ-ցուցահանդես:

3xndzor-p

Երկնքից Երեք Խնձոր Ընկավ․․․ Հեքիաթասացության և Բարբառի Փառատոն

3xndor-cover

Իրականացվում է՝ 2009 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Իրականացման վայր՝ ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի  մշակույթի վերակենդանացմանը՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոցի, երիտասարդության ստեղծագործական կարողությունների բացահայտման խրախուսմանը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի ճանաչմանն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

Փառատոնի կարևոր նախապայմանն է հայերենի այն բարբառների և խոսվածքների կիրառումը, որոնք այսօր  հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ սփյուռքահայ գաղթօջախները: Մասնակցության համար չկա որևէ տարքային կամ այլ սահմանափակում:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ–ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ–ի (ԻԿՕՄ–ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD) և ընդգրկվել աշխարհի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: